կիրակի, մայիս 11
11 / 5 / 2025
Այս պահին «պամպերսային» քաղաքականության դաշտում է գտնվում այս կառավարությունը. Քոչարյան

Այս պահին «պամպերսային» քաղաքականության դաշտում է գտնվում այս կառավարությունը. Քոչարյան

Ես չեմ կարող գնահատել, թե այս պահին Հայաստանը ներգրավվել է հակաիրանական գործընթացների մեջ, թե ոչ, բայց ակնհայտ է, որ  անընդհատ ներգրավված է ինչ-որ բաների մեջ, և այդ «ինչ-որ բաները» քիչ առնչություն ունեն Հայաստանի շահերի հետ։ Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։

Վերջինս նշեց, որ իրանական կողմի մոտ վստահություն չկա, որ ներկա իշխանությունները չեն ներքաշվել հակաիրանական գործընթացների մեջ։

«ԱՄՆ-ի կողմից կա Իրանին բավականին ակտիվ մեկուսացնելու ջանքեր, բոլորս գիտենք։ Աշխարհաքաղաքական գործընթացների մեջ շատ դեպքերում ընկալումն է բերում գործողությունների, գնահատումը հետո է լինում։ Շատ վատ է, որ այսօր այդ ընկալումը ունի իրանական կողմը ու մեկ հայտարարությամբ հնարավոր չէ վերացնել այդ ընկալումը, քանի որ դա ձևավորվել է վերջին 3 տարիների ընթացքում քո վարքագծի պատճառով»։

Անդրադառնալով Իրանի և Ադրբեջանի միջև առկա լարվածության ֆոնին հնարավոր ռազմական գործողությունների սկսմանը և այդ հարցում Հայաստանի դիրքորոշմանը՝ Քոչարյանը նշեց.

«Մենք հիմա հետեւում ենք, թե ինչ է կատարվում, փորձում ենք հասկանալ, թե այդ գործընթացների վատթարացման արդյունքում մեր նկատմամբ հարվածը ինչ ուժգնությամբ է լինելու։ Մենք պասիվ, վատ սպասելիքների մեջ գտնվող երկիր ենք և այսպիսինն ենք, որովհետև այսպիսինն է մեր կառավարությունը։ Այս պահին «պամպերսային» քաղաքականության դաշտում է գտնվում այս կառավարությունը»,- ասաց Ռոբերտ Քոչարյանը։

  • Կիսվել: