երկուշաբթի, հունիս 9
9 / 6 / 2025
Այն հարևանների հետ, որոնց հետ չկան հարաբերություններ և առևտրաշրջանառություն, պետք է ստեղծել․ Խաչատուր Սուքիասյան

Այն հարևանների հետ, որոնց հետ չկան հարաբերություններ և առևտրաշրջանառություն, պետք է ստեղծել․ Խաչատուր Սուքիասյան

ՀՀ ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը կարծում է, որ հարևան Վրաստանի և Իրանի հետ առևտրաշրջանառությունը պետք է էլ ավելի մեծացնել, իսկ այն հարևանների հետ, որոնց հետ չկան հարաբերություններ, առևտրաշրջանառություն, պետք է ստեղծել: Սուքիասյանը նման տեսակետ հայտնեց խորհրդարանում իր ելույթում:

Անդրադառնալով Հայաստանի հարևաններին՝ պատգամավորն ասաց. «Օրինակ, մեր եղբայր վրացիները, մեր բարեկամ Իրանի Իսլամական Հանրապետությունը, մեր հարևան Ադրբեջանն ու Թուրքիան: Մենք պետք է ամեն ինչ անենք, որ այն առևտրաշրջանառությունը, որ ունենք եղբայր վրացական պետության հետ և բարեկամ Իրանի Իսլամական Հանրապետության հետ, ամեն օր, ամեն ժամ մեծացնենք, խոշորացնենք, ավելի նոր ծրագրեր իրականացնենք: Այն հարևանները, որոնց հետ չենք ունեցել առևտրաշրջանառություն, ոչ մի հարաբերություն, պետք է ամեն ինչ անենք, որ դա իրական դառնա»:

Սուքիասյանի խոսքով՝ այն պետությունները, որոնք իրենց հարևանների հետ ունեն բարիդրացիական հարաբերություններ, առևտրաշրջանառության որոշակի մակարդակ, առք, վաճառք, դա ինչ-որ առումով զսպող գործիք է հանդիսանում: «Երբ կոնֆլիկտներ են առաջանում, դրանք զսպող գործոն են դառնում, որովհետև հասկանում են, որ, եթե այդ երկրի հետ կոնֆլիկտն ավելի խորանա, հնարավոր է, որ իրենց տնտեսությունն ավելի մեծ վնասներ կրի: Դրա համար մենք պետք է ամեն ինչ անենք, որպեսզի կարողանանք մեր հարևանների հետ ունենանք այն հարաբերությունը, որով մենք ապագայում ապահովելու ենք ՀՀ հասարակության բարեկեցությունը»,-ասաց Սուքիասյանը:

  • Կիսվել: