Այլևս Թուրքիան որևէ պատճառ չունի սահմանը փակ պահել Հայաստանի հետ․ Արա Այվազյան
Կարծում եմ, որ Թուրքիան, միջազգային հանրության ճնշման ներքո, հետզհետե պետք է վերադառնա բնականոն գործընթացի, այլևս պատճառ չկա Հայաստանի նկատմամբ կիրառել շրջափակում: Այս մասին ԱԺ-ում իր ելույթի ժամանակ հայտարարեց ԱԳՆ ղեկավար Արա Ավազյանը՝ պատասխանելով պատգամավոր Գոռ Գևորգյանի հարցին:
«Շրջափակումը պայմանավորված էր Արցախում ստատուս-քվոյի հետ, որը ուժի կիրառման միջոցով փոխվել է: Այլևս Թուրքիան որևէ պատճառ չունի սահմանը փակ պահել Հայաստանի հետ»,- ասաց Այվազյանը:
Արա Այվազյանը հավելեց, որ կառավարության հիմնական նպատակն է անել ամենը, որպեսզի Հայաստանի և Արցախի շուրջ անվտանգային մթնոլորտը գնալով ամրապնդվի:
«Դա հեշտ հարց չէ: Բնականաբար, որպես պետություն, հասարակություն, պետք է ձգտենք բոլոր ջանքերը գործադրել, որ իրավիճակը գնա դեպի ապաէսկալացում: Մեր դիվանագիտությունը գործուն ջանքեր է գործադրելու, որպեսզի մեր շուրջը լինի նպաստավոր մթնոլորտ Հայաստանի անվտանգության ամրապնդման համար»,- ասաց Այվազյանը:
ՀՀ Արտաքին գործերի նախարարը նշեց, որ Հայաստանի համար մտահոգիչ է նաև Կարսում թուրք-ադրբեջանական համատեղ զինավարժությունների անցկացումը:


