հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Արմեն Աշոտյանի փաստաբանը կդիմի ՄԻԵԴ

Արմեն Աշոտյանի փաստաբանը կդիմի ՄԻԵԴ

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի փաստաբան Տիգրան Աթանեսյանը պատրաստվում է դիմել Մարդու իրավունքների եվրոպական դատարան։ Նա այդ մասին հայտարարեց այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ։
 
Փաստաբանը վստահեցրեց, որ իրենք դիմելու են իրավաբանական պայքարի բոլոր մեթոդներին, եթե գործը գնա դատարան, ապա կօգտագործեն նաև այդ ամբիոնը։
 
Խոսելով Աշոտյանի պահման պայմանների մասին` Աթանեսյանը հայտնեց, որ նա պահվում է սովորական խցում, բայց առանձին մասնաշենքում։ Այս պահին նա խցում մենակ է, բայց ցանկացած պահի այդ խուց կարող են նաև այլ կալանավոր բերել։
 

«Արմեն Աշոտյանի քրեական գործն  իրավաբանական առումով այնպիսի նոնսենս է, այնպիսի աբսուրդ է, խորը հոգեբուժական խնդիրներ ունեցող մարդու մտքի ծնունդ կարող է լինել։ Մեղադրում են Աշոտյանին լիազորությունները չարաշահելու, վատնում կազմակերպելու, փողերի լվացում կազմակերպելու մեջ: Պետք չէ լինել իրավաբան հասկանալու համար, որ վատնում նշանակում է գույքի անվերադարձ կորուստ: Փողերի լվացման դեպքում էլ պետք է լինի հանցավոր ծագում ունեցող փող, որը դու այլակերպում ես, լվանում ես եւ ինչ-որ պահի այդ փողն ունենում ես օրինական կերպով: Ի՞նչ է եղել. Բժշկական համալսարանը, որ ամենահարուստ բուհն է մեր երկրի, եւ արհկոմը գնում են անշշարժ գույք: Այդ ժամնակ Արմեն Աշոտյանը հոգաբարձուների խորհրդի նախագահն է, եթե տեղյակ է եղել, դա նորմալ է: Այդ գույքը մինչ օրս պատկանում է նշված սուբյեկտներին եւ այն այսօր արժի 2 անգամ ավելի թանկ, քան երբ ձեռք է բերվել: Հիմա եթե սրա մեջ տեսնում են վատնում կամ փողերի լվացում, սա իրավաբանական դեպք չէ, հավատացեք, սա հոգեբուժական դեպք է»,-ասաց Տիգրան Աթանեսյանը:

Նա հիշեցրեց, որ այս գործը քննվել է 4 տարի, եւ այդ ընթացքում ՀՔԾ-ն ու ԱԱԾ-ն ոչինչ չեն գտել եւ գործը գնում էր կարճման. «Մեկ էլ հանկարծ պարոն Արգիշտի Քյարամյանը որոշում է գործը վերցնել, իհարկե, ինքը չի որոշում, իրեն հանձնարարում են, եւ մարդուն մեղադրանք են առաջադրում: 7-8 ամիս է կարդում են գործը, ու այնտեղ հասկանալու բան էլ չկա:

Հավատացեք, Վանո Սիրադեղյանի  ժամանակ շատ ավելի ազնիվ էր, երբ մարդու   գրպանը պլան կամ զենք էին գցում։ Շատ ավելի ազնիվ էին, ասում էին՝ ուզում ենք դու նստես։ Իհարկե, դա սրիկայություն էր, բայց շատ ավելի ազնիվ էր, քան այն, ինչ հիմա է կատարվում։ Այսինքն, Վանո Սիրադեղյանի աշակերտը հեչ բանի պետք չեկավ»,- ասաց փաստաբանը:

  • Կիսվել: