շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Մենք հավատացած ենք, որ Իրանի ներգրավվածության ընդլայնումը կծառայի ի շահ տարածաշրջանի խաղաղ, անվտանգ և բարեկեցիկ ապագայի․ Միրզոյան

Մենք հավատացած ենք, որ Իրանի ներգրավվածության ընդլայնումը կծառայի ի շահ տարածաշրջանի խաղաղ, անվտանգ և բարեկեցիկ ապագայի․ Միրզոյան

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հարցազրույց է տվել «ԻՌՆԱ» իրանական լրատվական գործակալությանը, խոսելով՝  Հարավային Կովկասի ներկա իրավիճակի մասին։

«Նախորդ տարի աշնանը Լեռնային Ղարաբաղի և նրա բնակչության դեմ Ադրբեջանի սանձազերծած ագրեսիան և դրա քաղաքական, տնտեսական, հումանիտար հետևանքները շարունակում են ազդեցություն ունենալ տարածաշրջանում կայունության և անվտանգության վրա: 

Թեև նոյեմբերի 9-ի Հայաստան-Ռուսաստան-Ադրբեջան եռակողմ հայտարարությունով դադարեցվեցին ռազմական գործողությունները, իրավիճակը շարունակում է փխրուն մնալ: Դա պայմանավորված է Ադրբեջանի կողմից վերոնշյալ հայտարարությամբ ստանձնած որոշ հանձնառությունների չկատարմամբ, որոշ դրույթների աղավաղմամբ, ռազմագերիների և քաղաքացիական անձանց շարունակվող պատանդառությամբ, ռազմատենչ ու ծավալապաշտական հռետորաբանությամբ, Հայաստանի ինքնիշխան տարածքների նկատմամբ նկրտումներով և ուժի կիրառման նոր սպառնալիքով:

Ադրբեջանական կողմի սադրիչ վարքագիծն իր ազդեցությունն է ունենում ոչ միայն Հայաստանի, այլև տարածաշրջանի մյուս երկրների վրա, ինչին մենք առերեսվեցինք, օրինակ, տարանցիկ փոխադրումների նկատմամբ իրականացվող անթույլատրելի քայլերով: Ցավոք, երրորդ երկրների կողմից այս վարքագծի, ինչպես նաև հայատյաց և ռազմատենչ հռետորաբանության խրախուսումը հավելյալ խոչընդոտներ է ստեղծում տարածաշրջանի կայունության համար։

Այնուամենայնիվ, Հայաստանը շարունակում է իր ջանքերը տարածաշրջանում տևական կայունություն հաստատելու ուղղությամբ։ Մեր երկրի  կառավարության ծրագրում հստակ արձանագրված է տարածաշրջանի համար խաղաղ զարգացման դարաշրջան բացելու ուղղությամբ ներդրում ունենալու պատրաստակամությունը: Վստահ եմ, որ մյուս երկրների կողմից  համապատասխան քաղաքական կամքի դրսևորման և կառուցողական քայլերի իրականացման պարագայում կստեղծվեն բոլոր անհրաժեշտ նախադրյալները այդ դարաշրջանի համար»,- նշել է Միրզոյանը։ 

Տարածաշրջանում կայունության պահպանման գործում  Իրանի դերի մասին խոսելիս, Արարատ Միրզոյանն ասել է․

«Տարածաշրջանում լարվածության նվազեցման և կայունության հաստատման հարցում Իրանի դերակատարումը և ներուժն ակնհայտ է, և դրա վառ օրինակ է Հայաստանի Հանրապետության սահմանների անձեռնմխելիության վերաբերյալ Իրանի արտահայտած հստակ դիրքորոշումը:  Մենք հավատացած ենք, որ Իրանի ներգրավվածության ընդլայնումը դրական ազդեցություն կունենա ոչ միայն մեր երկու երկրների բարեկամության և փոխշահավետ գործընկերության համատեքստում, այլև կծառայի ի շահ տարածաշրջանի խաղաղ, անվտանգ և բարեկեցիկ ապագայի։

Հայաստանը բարձր է գնահատում Իրանի հետ երկկողմ բարիդրացիական հարաբերությունները: Հայաստանի և Իրանի համագործակցությունը կարող է լավ օրինակ ծառայել խաղաղության, զարգացման, քաղաքակրթությունների միջև երկխոսության օրակարգով առաջնորդվող երկրների համար:

Հնագույն քաղաքակրթությունների կրողներին՝ ինչպիսին են Հայաստանը և Իրանը, բնորոշ է կրոնական և ազգային հանդուրժողականությունը, փոխադարձ հարգանքը և փոխվստահությունը, ինչպես նաև ապագայի հանդեպ փոխադարձ պատասխանատվությունը»:

«3+3» նախաձեռնության վերաբերյալ Հայաստանի մոտեցման մասին խոսելիս, Միրզոյանը նշեց․

«Հայաստանը ելնում է այն դիտակետից, որ ցանկացած տարածաշրջանային համագործակցության ձևաչափ կարող է արդյունավետ լինել, եթե այն բավարարում է հետևյալ պայմաններին.

  • Ձևաչափը պետք է լինի ամբողջական և ներառական:

  • Այն պետք է հիմնվի դրանում ներգրավված բոլոր պետությունների միջև փոխհարաբերություններում դրական միտումներ մատնանշող զարգացումների վրա: Հակառակ պարագայում դա կարող է հանգեցնել պետությունների երկկողմ հարաբերություններում առկա խնդիրների տեղափոխմանը բազմակողմ ձևաչափ, ինչն էլ կարող է հանգեցնել թե՛ այդ բազմակողմ ձևաչափի, թե՛ երկկողմ երկխոսության խաթարմանը»:

 

 

  • Կիսվել: