հինգշաբթի, ապրիլ 18
18 / 4 / 2024
Առաջին ընթերցմամբ ընդունվեց ցեղասպանության ուղղակի և հրապարակային հրահրումը քրեականացնող նախագիծը

Առաջին ընթերցմամբ ընդունվեց ցեղասպանության ուղղակի և հրապարակային հրահրումը քրեականացնող նախագիծը

Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ միաձայն ընդունեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների կողմից ներկայացված օրենքի նախագիծը, որով առաջարկվում է քրեականացնել ցեղասպանության ուղղակի և հրապարակային հրահրումը: 

Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծն ԱԺ նիստում այսօր  ստացավ 100 ձայն:

Նախագծով սահմանվում է, որ ցեղասպանության ուղղակի եւ հրապարակային հրահրումը`պատժվում է ազատազրկմամբ` ութից տասը տարի ժամկետով: Նույն արարքը, որը կատարվել է`զանգվածային լրատվության միջոցներով կամ համակարգչային համակարգի միջոցով, մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ`պատժվում է ազատազրկմամբ` տասից տասնչորս տարի ժամկետով:

Սույն հոդվածի առաջին կամ երկրորդ մասով նախատեսված արարքը, որը կատարվել է` կազմակերպված խմբի կողմից, պաշտոնեական դիրքն օգտագործելով` պատժվում է ազատազրկմամբ տասնչորսից քսան տարի ժամկետով կամ ցմահ ազատազրկմամբ:

 

  • Կիսվել: