ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Անընդունելի է 2021թ․ մայիսի 12-ին Ադրբեջանի ԶՈւ ժամանակավոր մուտքը ՀՀ տարածք, ինչը համարվում է տարածքային ամբողջականության խախտում. ՀՀ-ԵՄ ԽԳ կոմիտեի համանախագահներ

Անընդունելի է 2021թ․ մայիսի 12-ին Ադրբեջանի ԶՈւ ժամանակավոր մուտքը ՀՀ տարածք, ինչը համարվում է տարածքային ամբողջականության խախտում. ՀՀ-ԵՄ ԽԳ կոմիտեի համանախագահներ

Հայաստան-ԵՄ Խորհրդարանական գործընկերության կոմիտեի համանախագահներ ՀՀ ԱԺ պատգամավոր Արման Եղոյանը և Եվրախորհրդարանի պատգամավոր Մարինա Կալյուրանդը հանդես են եկել  համատեղ հայտարարությամբ՝ ընդունված Հայաստան-ԵՄ Խորհրդարանական գործընկերության կոմիտեի երկրորդ նիստի ընթացքում:

«Եվրոպական խորհրդարանը և Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովը 2022թ․ փետրվարի 24-ին Երևանում անցկացրին Հայաստան-ԵՄ Խորհրդարանական գործընկերության կոմիտեի (ԽԳԿ) երկրորդ նիստը՝ կարևորելով ԵՄ-Հայաստան հարաբերությունների խորացման ամուր հանձնառությունը: Սա Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի (ՀԸԳՀ)՝ նախորդ տարվա մարտ ամսին ուժի մեջ մտնելուց ի վեր առաջին հանդիպումն էր և առիթ հանդիսացավ դրա կիրարկման ընթացքը դիտարկելու համար։

Մենք ողջունում ենք արձանագրված առաջընթացը և քաջալերում Հայաստանի իշխանություններին շարունակել բարեփոխումների ուղին։ Մենք նաև շեշտում ենք ԵՄ զգալի աջակցությունը, օրինակ՝ արդարադատության բարեփոխումների կարևոր ոլորտում։ Մենք ողջունում ենք այն փաստը, որ ԵՄ Տնտեսական և ներդրումային ծրագիրը զգալիորեն կխթանի ներդրումները առանցքային ոլորտներում՝ ներառյալ ռազմավարական տեսանկյունից կարևոր կապակցող նախագծերը և աջակցությունն առավել խոցելի շրջաններին, ինչպես նաև գնահատում ենք ԵՄ ջանքերը՝ օգնելու Հայաստանին հաղթահարել ՔՈՎԻԴ-19 համավարակի հետևանքները։

Վերջերս՝ նոյեմբերին, ստորագրված Ընդհանուր ավիացիոն գոտու մասին համաձայնագիրը կարևոր քայլ է, որից շոշափելիորեն կշահեն ինչպես ԵՄ այնպես էլ ՀՀ քաղաքացիները: Ընդլայնված կապն օգնում է խթանել մարդկանց միջև շփումները, ինչպես նաև տնտեսական աճը։ Ի թիվս շոշափելի արդյունքների հասնելու այլ որոշակի քայլերի՝ մենք ողջունել ենք նաև «Հորիզոն Եվրոպա» հետազոտական և նորարարական ծրագրի շրջանակներում Հայաստանի ասոցացման կարգավիճակի վերաբերյալ վերջին համաձայնագիրը և Եվրոպոլի հետ ռազմավարական համագործակցության համաձայնագիրը։

Չնայած Լեռնային Ղարաբաղի երկրորդ պատերազմի և ՔՈՎԻԴ-19 համավարակի հետևանքով ստեղծված դժվարություններին՝ մենք արժևորում ենք, որ 2021 թվականի հունիսին կայացած արտահերթ խորհրդարանական ընտրությունները մրցակցային էին, ընդհանուր առմամբ լավ կազմակերպված և համապատասխանում էին ժողովրդավարության չափանիշներին։ Արդյունքում, Հայաստանի կառավարությունը հստակ մանդատ ստացավ երկրում հետագա բարեփոխումներ իրականացնելու, կառավարումը բարելավելու, կոռուպցիայի դեմ պայքարելու և տնտեսությունն արդիականացնելու համար։

Մենք շեշտել ենք քաղաքականության մեջ բևեռացումը նվազեցնելու անհրաժեշտությունը և կոչ ենք արել բոլոր քաղաքական ուժերին դրսևորել զսպվածություն։ Մենք նաև կարևորել ենք, որ բոլոր բարեփոխումներն իրականացվեն իշխանությունների տարանջատման և օրենքի գերակայության սկզբունքներին համապատասխան, ինչպես նաև առաջարկել ենք սահմանադրաիրավական բոլոր հարցերի վերաբերյալ հայցել Վենետիկի հանձնաժողովի խորհրդատվական կարծիքը և հետևել դրան։

Մենք վերահաստատում ենք մեր անփոփոխ աջակցությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտության համապարփակ և խաղաղ կարգավորմանը, ինչպես նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության մանդատի ներքո իրականացվող գործընթացին՝ հիմնվելով ուժի չկիրառման, տարածքային ամբողջականության և ազգերի ինքնորոշման հավասար իրավունքների սկզբունքների վրա։ Մենք բարձր ենք գնահատում Եվրոպական խորհրդի նախագահի ներգրավվածությունը՝ աջակցելու վստահության մթնոլորտի ստեղծմանն ու ամրապնդմանը, այդ թվում՝ Հայաստանի և Ադրբեջանի պաշտպանության նախարարների միջև անմիջական հաղորդակցության ուղիներ ստեղծելու և ԵՄ միջնորդությամբ Ադրբեջանում պահվող հայ զինծառայողներին վերադարձնելու միջոցով։ Մենք խրախուսում ենք ակտիվացնել ԵՄ-ի ներգրավվածությունը՝ լուծելու չլուծված այնպիսի կարևոր խնդիրներ, ինչպիսիք են մնացած բոլոր հայ ռազմագերիների և այլ պահվող անձանց վերադարձը, հակամարտության տարածքում մշակութային ժառանգության պաշտպանությունը, ինպես նաև Լեռնային Ղարաբաղ մարդասիրական օգնության անարգել հասանելիությունը։

Մենք անընդունելի ենք համարում 2021թ․ մայիսի 12-ին Ադրբեջանի զինված ուժերի ժամանակավոր մուտքը Հայաստանի տարածք, ինչը համարվում է Հայաստանի տարածքային ամբողջականության և միջազգային իրավունքի խախտում։ Հայաստանի և Ադրբեջանի սահմանների սահմանազատման և սահմանագծման հետագա գործընթացն ունի էական նշանակություն։ Միևնույն ժամանակ կոչ ենք անում սահմանային գոտիներից դուրս բերել բոլոր զինված ուժերը և վերադառնալ մինչև 2021թ․ մայիսի 12-ը առկա ելման դիրքեր՝ էսկալացիան կանխելու և տեղի բնակչության իրավունքները երաշխավորելու նպատակով։

2020 թվականի նոյեմբերի 9-ի և 2021 թվականի հունվարի 11-ի եռակողմ հայտարարությունների համաձայն, տարածաշրջանում հաղորդակցության ուղիների ապաշրջափակումն նշանակալի հնարավորություններ կստեղծի Հայաստանի և Հարավային Կովկասի ողջ տարածաշրջանի համար։ Մենք աջակցում ենք այս նպատակին հասնելու Հայաստանի կառավարության հավակնություններին և խրախուսում ենք հետագա առաջընթացը։ Մենք նաև մեծապես աջակցում ենք Թուրքիայի հետ հարաբերություններն առանց նախապայմանների կարգավորելուն ուղղված վերջերս գործադրված ջանքերին, քանի որ դրանց հաջողությունը կնպաստի տարածաշրջանի տնտեսական զարգացմանը և կայունությանը։

Մենք անհամբեր սպասում ենք մեր միջխորհրդարանական հարաբերությունների հետագա զարգացմանը և 2023թ․ Բրյուսելում կամ Ստրասբուրգում կայանալիք Կոմիտեի 3-րդ նիստին»,-ասված է հայտարարության մեջ։

  • Կիսվել: