շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Անհրաժեշտություն է առաջացել վերանայել գործող օրենքով նախատեսված «ծխախոտային արտադրատեսակի փոխարինիչ» հասկացությունը. Նանուշյան

Անհրաժեշտություն է առաջացել վերանայել գործող օրենքով նախատեսված «ծխախոտային արտադրատեսակի փոխարինիչ» հասկացությունը. Նանուշյան

Ազգային ժողովը քննարկում է «Ծխախոտային արտադրատեսակների և դրանց փոխարինիչների օգտագործման հետևանքով առողջությանը հասցվող վնասի նվազեցման և կանխարգելման մասին» օրենքում լրացում կատարելու մասին նախագիծը։

Առողջապահության փոխնախարար Լենա Նանուշյանը, որը ներկայացնում է նախագիծը, հայտարարեց, թե վերջին շրջանում Հայաստանում ի հայտ են եկել ծխախոտային նոր արտադրատեսակներ, որոնք պարունակում են նիկոտին, սակայն լուծույթի գոլորշիացմամբ չեն աշխատում։

«Այս համատեքստում անհրաժեշտություն է առաջացել վերանայել ծխախոտային արտադրատեսակների ու դրանց փոխարինիչների օգտագործման հետևանքով առողջությանը հասցվող վնասի նվազեցման ու կանխարգելման մասին օրենքով նախատեսված ծխախոտային արտադրատեսակի փոխարինիչ հասկացությունը՝ ներառելով նաև վերոնշյալ արտադրատեսակների բնութագիրը, որպեսզի տարբեր մոտեցումներ չկիրառվեն տարբեր արտադրատեսակների նկատմամբ ու վերահսկողության ընթացքում չստեղծվեն խոչընդոտներ», - նշեց Նանուշյանը։

Նա ասաց, թե քննարկումներ են ծավալել էկոնոմիկայի նախարարության հետ, նախագիծ են արագ կազմել, որ հասցնեն մինչև մարտի 15-ն ընդունեն. հիշեցնենք՝ մարտի 15-ից հանրային սննդի բաց և փակ տարածքներում ծխելը կարգելվի։

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը հետաքրքրվեց՝ ճի՞շտ է հասկանում՝ եթե այս օրենքը հրատապ չեն ընդունում, մարտի 15-ից չեն կարողանա արգելել, որ այդ ապրանքատեսակները նույնպես արգելվեն հանրային սննդի վայրերում կամ այլ վայրերում։

Փոխնախարարն էլ ընդգծեց՝ այո, այդպես է. փոխարինիչների հետ կապված դրույթ կար, բոլոր կարգավորումները հստակ սահմանված էին, սակայն, քանի որ ի հայտ է եկել նոր արտադրատեսակ, որը ներառված չէր օրենքում, ըստ այդմ, հիմա են բերել փոփոխությունը հրատապ ընդունելու ու, եթե մինչև մարտի 15-ը չընդունեն, ապա նոր ի հայտ եկած ապրանքատեսակը չի մտնի օրենքի կարգավորման դաշտ։

  • Կիսվել: