կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Հայկական ակնաբուժության նախագծի առաքելության շրջանակներում ՀՀ են այցելել ԱՄՆ-ից և Ավստրալիայից բժիշկներ

Հայկական ակնաբուժության նախագծի առաքելության շրջանակներում ՀՀ են այցելել ԱՄՆ-ից և Ավստրալիայից բժիշկներ

«Մանկական կուրության կանխարգելման գերազանցության կենտրոնի» ստեղծումը Հայկական ակնաբուժության նախագծի և գործընկերների ու առողջապահության նախարարության համագործակցության լավագույն ձեռքբերումներից մեկն է»,- ակնաբուժության, ընդհանուր մանկաբուժության, մանկական ներզատաբանության և նեոնատոլոգիայի հարցերին նվիրված 21-րդ միջազգային համաժողովի բացմանը նշել է առողջապահության նախարարի տեղակալ Արմեն Գասպարյանը: Այդ մասին հայտնում են առողջապահության նախարարությունից:
 
Նա ընդգծել է, որ նման կենտրոն ունենալու շնորհիվ հնարավոր եղավ կանխարգելել անհաս ծնված երեխաների կուրությունը, և որ Ամերիկայի Միացյալ նահանգների (ԱՄՆ) գործընկերների հետ համագործակցությամբ կատարվում են այնպիսի վիրահատություններ, որոնց համար նախկինում մեր երեխաները ստիպված էին մեկնել արտերկիր: 
 
Հայկական ակնաբուժության նախագծի հիմնադիր նախագահ Ռոջեր Օհանեսյանն առցանց ողջույնի խոսքում ասել է. «1992 թվականին, երբ կառավարության խնդրանքով առաջին անգամ Հայաստան այցելեցինք, երկիրը պատերազմական վիճակում էր, օգնության մեծ անհրաժեշտություն ուներ: Այսօր նույնպես երկիրը բարդ դրության մեջ է, և ես ուրախ եմ տեսնել, թե ինչպես են մեր բժիշկ կամավորները շարունակում այցելել Հայաստան և իրենց հայ գործընկերների հետ իրականացնել բժշկական առաքելություն»:
 
Համաժողովով մեկնարկել է Հայկական ակնաբուժության նախագծի 63-րդ բժշկական առաքելությունը, որի շրջանակներում Հայաստան են այցելել ԱՄՆ-ից և Ավստրալիայից ականավոր բժիշկներ՝ հայ գործընկերների հետ բժշկական բարդ դեպքեր քննարկելու և վիրահատություններ իրականացնելու նպատակով:
 
Համաժողովի բացմանը ելույթ են ունեցել նաև Հայկական ակնաբուժության նախագծի փոխնախագահ Ջոն Հովանեսյանը, Լոս Անջելեսի մանկական հիվանդանոցի Տեսողության կենտրոնի տնօրեն Թոմաս Լին և Հայկական ակնաբուժության նախագծի հայաստանյան գրասենյակի տնօրեն Նունե Եղիազարյանը:

  • Կիսվել: