ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Ամերիկյան պետությունների կազմակերպության Գլխավոր քարտուղարությունը դատապարտում է Ադրբեջանի ագրեսիան

Ամերիկյան պետությունների կազմակերպության Գլխավոր քարտուղարությունը դատապարտում է Ադրբեջանի ագրեսիան

Ամերիկյան պետությունների կազմակերպության Գլխավոր քարտուղարությունը վճռականորեն դատապարտում է Լեռնային Ղարաբաղի նկատմամբ Ադրբեջանի ագրեսիան: Այս մասին ասված է կազմակերպության պաշտոնական կայքում Գլխավոր քարտուղար Լուիս Ալմագրոյի հայտարարությունում:

«Ամերիկյան պետությունների կազմակերպության գլխավոր քարտուղարությունը վճռականորեն դատապարտում է Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի վերջերս տեղի ունեցած ռազմական ագրեսիան, որն ուղղակիորեն անտեսում է Միավորված ազգերի կազմակերպության կոչերը` հասնելու հակամարտությունների խաղաղ կարգավորմանը, ինչպես նաև աջակցելու երկարաժամկետ խաղաղությանն ու կայունությանը»,- ասված է հայտարարությունում:

Կազմակերպությունը կոչ է անում Ադրբեջանին անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները, հատկապես՝ ուղղված քաղաքացիական բնակչության դեմ։

«Ինչպես արդեն նշել ենք, քաղաքացիական անձանց վրա հարձակման պրակտիկան, որպես ռազմական թիրախներ, պետք է արմատախիլ արվի և զինված հակամարտությունը կարգավորող ամենահիմնական նորմերի լիակատար խախտում է: Պակաս կարևոր չէ նաև այն, որ մենք կոչ ենք անում օտարերկրյա տերություններին զերծ մնալ զինված հակամարտությանը միջամտելուց ՝ ճգնաժամը սրելու նպատակով»,- նշված է հաղորդագրությունում:

Գլխավոր քարտուղարը կազմակերպության լիակատար զորակցությունն է հայտնել Լեռնային Ղարաբաղի ժողովրդին և անկեղծ ցավակցություն հայտնել ադրբեջանական և հայկական ուժերի միջև բախումների զոհերի կապակցությամբ:

  • Կիսվել: