Հռոմի պապը Զելենսկու հետ զրույցում անդրադարձել է Օլեշկի քաղաքում տիրող ծանր իրավիճակին
Հռոմի պապը հեռախոսազրույց է ունեցել Վոլոդիմիր Զելենսկու հետ։ Ըստ Վատիկանի մամուլի ծառայության՝ Լևոն XIV-ն անդրադարձել է Խերսոնի մարզի գրավված Օլեշկի քաղաքում տիրող ծանր իրավիճակին։ Նա հույս է հայտնել, որ այդ բնակավայր հնարավոր կլինի ի վերջո սննդամթերք և բժշկական պարագաներ մատակարարել, ինչպես նաև կազմակերպել քաղաքացիական բնակչության կամավոր և անվտանգ տարհանումը։
Ավելի վաղ Հռոմի Պապը հեռախոսով զրուցել էր Վլադիմիր Պուտինի հետ՝ կոչ անելով հրադադար հաստատել Օլեշկի քաղաքում: Նա վերահաստատել էր երկխոսությանն ու խաղաղությանը նպաստելու՝ Սուրբ Աթոռի հանձնառությունը։
Լևոն XIV-ի հետ զրույցը մեկնաբանել է Ուկրաինայի նախագահը: Նրա խոսքով՝ քննարկել են ռուսական չդադարող հարվածները, օկուպացված Օլեշկի քաղաքում հումանիտար ճգնաժամը։
«Աշխատում ենք օգնել այնտեղ գտնվող մեր ժողովրդին և մշակում որոշումներ»,- մանրամասնել է Զելենսկին։
Ուկրաինայի նախագահը հավելել է, որ քննարկել են նաև անվտանգային մարտահրավերները, մասնավորապես այն, որ Կիևի գործընկերները պարբերաբար չեն նախազգուշացնում ռուսական բալիստիկ հրթիռների հարձակումների մասին։



