երեքշաբթի, հոկտեմբեր 20
20 / 10 / 2026
Հայաստանը ծով չունի, սակայն մենք կիսում ենք օվկիանոսի պահպանության ձեր հանձնառությունը․ ՇՄ փոխնախարարը մասնակցել է COP17-ի շրջանակում Օվկիանոսի տաղավարի բացմանը

Հայաստանը ծով չունի, սակայն մենք կիսում ենք օվկիանոսի պահպանության ձեր հանձնառությունը․ ՇՄ փոխնախարարը մասնակցել է COP17-ի շրջանակում Օվկիանոսի տաղավարի բացմանը

Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Արա Մկրտչյանը մասնակցել է COP17-ի շրջանակում Օվկիանոսի տաղավարի բացման արարողությանը և հանդես եկել ելույթով։ Այս մասին հայտնում է նախարարությունը։

Նախարարի տեղակալն ընդգծել է, որ օվկիանոսի պահպանությունը համընդհանուր պատասխանատվություն է, քանի որ դրա կենսական նշանակության էկոհամակարգային ծառայություններից օգտվում են նաև ծով ելք չունեցող երկրները։

Արա Մկրտչյանը կարևորել է ծովային և առափնյա էկոհամակարգերի վերականգնումը, կենսաբազմազանության պահպանության և կլիմայական գործողությունների փոխկապակցվածությունը։ Նա նշել է, որ COP17-ի շրջանակում նախատեսվող առաջին գլոբալ վերանայումը հնարավորություն է գնահատելու Կունմինգ-Մոնրեալի կենսաբազմազանության գլոբալ շրջանակի իրականացման առաջընթացն ու արագացնելու համատեղ գործողությունները։

«Հայաստանը ծով չունի, սակայն մենք կիսում ենք օվկիանոսի պահպանության ձեր հանձնառությունը։ Եկե՛ք գործենք հանուն բնության՝ ցամաքում և ծովում»,- նշել է նախարարի տեղակալը։

  • Կիսվել: