Ֆրանսիայի Սեն Շամոն քաղաքում տեղադրվել է հայկական խաչքար՝ ի հիշատակ Հայոց ցեղասպանության զոհերի
Քաջարանի համայնքապետ Մանվել Փարամազյանի նախաձեռնությամբ Ֆրանսիայի Սեն Շամոն քաղաքում՝ Հայ կաթողիկե Սուրբ Գրիգոր Նարեկացի եկեղեցու բակում, տեղադրվել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հայկական խաչքար։
Այս մասին հաղորդագրություն է տարածել Քաջարանի համայնքապետարանը։Նշվում է, որ այս նշանակալի իրադարձությունը ևս մեկ կարևոր քայլ է Քաջարան–Սեն Շամոն քույր քաղաքների բարեկամական հարաբերությունների ամրապնդման, հայկական մշակութային ու հոգևոր ժառանգության պահպանման և միջազգային հանրությանը ներկայացնելու ճանապարհին։ Խաչքարի տեղադրման հանդիսավոր արարողությանը ներկա են գտնվել Քաջարանի համայնքապետ Մանվել Փարամազյանը, Սեն Շամոնի քաղաքապետ Ակսել Դյուգուան, քաղաքային իշխանությունների ներկայացուցիչներ, հոգևորականներ, տեղի հայ համայնքի անդամներ և հյուրեր։Եկեղեցական հատուկ արարողակարգից հետո խաչքարն օծվել է Ֆրանսիայի հայ կաթողիկե առաջնորդ, եպիսկոպոս Եղյա Եղեայանի ձեռամբ՝ Տեր Ռաֆայել քահանա Շեֆիքյանի օրհնությամբ։
Օրվա ընթացքում մատուցվել է նաև Սուրբ պատարագ՝ ի հիշատակ Հայոց ցեղասպանության սուրբ նահատակների։
Հանդիսավոր միջոցառման ընթացքում ելույթներով հանդես են եկել Մանվել Փարամազյանն ու Սեն Շամոնի քաղաքապետ Ակսել Դյուգուան՝ ընդգծելով երկու համայնքների միջև ձևավորված ջերմ հարաբերությունների, փոխադարձ համագործակցության և պատմական հիշողության պահպանման կարևորությունը։Միջոցառումն առանձնահատուկ նշանակություն է ունեցել նաև Քաջարանի համայնքապետի համար։ Հայկական հոգևոր ու մշակութային արժեքների պահպանմանն ուղղված նախաձեռնության և ունեցած ավանդի համար Մանվել Փարամազյանը եպիսկոպոս Եղյա Եղեայանի կողմից պարգևատրվել է հայ նահատակ Իգնատիոս Մալոյանի անվան մեդալով, իսկ Տեր Ռաֆայել Շեֆիքյանի կողմից՝ Սեն Շամոնի Հայ կաթողիկե եկեղեցու Սուրբ Գրիգոր Նարեկացի մեդալով։
«Հայկական խաչքարի տեղադրումը խորհրդանշական իրադարձություն է ոչ միայն Ֆրանսիայի հայ համայնքի, այլև ողջ հայության համար։ Այն հայ ժողովրդի պատմական հիշողության, քրիստոնեական հավատքի, ազգային ինքնության և սերունդների միջև անխզելի կապի յուրօրինակ արտահայտությունն է։
Այսուհետ Սեն Շամոնի հայկական խաչքարը կկանգնի որպես Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի հավերժացման, հայ ժողովրդի տոկունության և հայ-ֆրանսիական դարավոր բարեկամության մնայուն խորհրդանիշ»,-ասել է Մանվել Փարամազյանը։



