Վենսը դեմ է արտահայտվել Ուկրաինայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցությանը
ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը հայտարարել է, որ, իր կարծիքով, Ուկրաինան չպետք է անդամակցի Հյուսիսատլանտյան դաշինքին (ՆԱՏՕ), հաղորդում է 2WAY TONIGHT-ը։
Զրույցի ընթացքում հաղորդավարը, անդրադառնալով Ուկրաինային, Վենսից հետաքրքրվել է, թե արդյոք գործընկեր երկիր լինելը նույնն է, ինչ դաշնակից երկիր լինելը, թե՞ այն ենթադրում է պետությունների միջև ավելի պակաս սերտ հարաբերություններ։
Ի պատասխան՝ փոխնախագահը նշել է, որ ԱՄՆ-ի և Ուկրաինայի միջև պաշտոնական դաշնակցային հարաբերություններ չկան՝ հավելելով, որ Կիևը չպետք է անդամակցի ՆԱՏՕ-ին։ Միևնույն ժամանակ, երկու երկրների միջև համագործակցությունը կշարունակվի։
«Որքան գիտեմ, մենք Ուկրաինայի հետ պաշտոնական դաշնակցային համաձայնագիր չունենք։ Ուկրաինան ՆԱՏՕ-ի անդամ չէ։ Ես չեմ կարծում, որ այն պետք է անդամակցի ՆԱՏՕ-ին։ Կարծում եմ, որ այն հիացմունքի արժանի, գեղեցիկ երկիր է՝ բազմաթիվ հրաշալի մարդկանցով։ Մենք կհամագործակցենք որոշակի հարցերում, բայց որոշ հարցերում էլ մեր դիրքորոշումները կտարբերվեն»,- հայտարարել է Վենսը։
Հարցազրույցի ընթացքում նա նաև ասել է, որ Ուկրաինան պետք է դադարեցնի ռուսական էներգետիկ օբյեկտների վրա հարձակումները (ամենայն հավանականությամբ, խոսքը նավթավերամշակման գործարանների մասին է)։



