ԱՄՆ-ն և Ուզբեկստանը 12 մլրդ դոլարի 54 համաձայնագիր են ստորագրել
Ուզբեկստանի նախագահ Շավքաթ Միրզիյոևն առաջարկել է ԱՄՆ-ի հետ առևտրաներդրումային և տեխնոլոգիական համագործակցության ծրագիրը մշակել մինչև 2035 թվականը։ Երկու երկրները ստորագրել են 54 պայմանավորվածություններից ու հեռանկարային նախաձեռնություններից բաղկացած փաթեթ, որը գնահատվում է շուրջ 12 միլիարդ դոլար: Այս մասին հաղորդում է Uz Daily պարբերականը։
Միրզիյոևը ելույթ է ունեցել Սամարղանդում կայացած ամերիկա-ուզբեկական գործարար և ներդրումային խորհրդի երկրորդ նիստի բացման ժամանակ։ Միջոցառմանը նաև մասնակցել են ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն, ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սերջիո Գորը և ամերիկյան առաջատար ընկերությունների ու բանկերի ներկայացուցիչներ։
Համագործակցության հեռանկարային ուղղությունների շարքում նշվել են կարևորագույն հանքանյութերի արդյունահանումն ու խորքային վերամշակումը՝ բարձր տեխնոլոգիական արտադրանքի թողարկմամբ, ժամանակակից էներգետիկ համակարգի զարգացումը և տվյալների մշակման կենտրոնների ստեղծումը։
Մյուս առաջնահերթություններից են արհեստական բանականության և թվային լուծումների ներդրումը արդյունաբերության, գյուղատնտեսության, կրթության և պետական կառավարման ոլորտներում, ինչպես նաև կրթության զարգացումն ու մասնագիտական կադրերի պատրաստումը։
Միրզիյոևը նշել է, որ ներկայում Ուզբեկստանի և ԱՄՆ-ի հարաբերությունները հասել են որակապես նոր մակարդակի, ընդգծելով քաղաքական գործընկերության հիման վրա տնտեսական կապերի հետագա ընդլայնման անհրաժեշտությունը։
Ամերիկյան ընկերություններն Ուզբեկստանում աշխատում են արդյունաբերության, էներգետիկայի, տրանսպորտի, գյուղատնտեսության, կրթության և նոր տեխնոլոգիաների ոլորտներում։ Ուզբեկական ընկերությունները նույնպես սկսում են ներդրումներ կատարել ԱՄՆ-ի տնտեսության մեջ։
Ռուբիոն Սամարղանդ է ժամանել հոկտեմբերի 18-ին։ Երկուշաբթի օրը նա մասնակցել է Կենտրոնական Ասիայի երկրների և ԱՄՆ-ի ԱԳ նախարարների հանդիպմանը՝ «C5+1» ձևաչափով։



