Ամերիկայի Հայկական Համագումարը ողջունել է Ջո Բայդենի՝ Հայոց ցեղասպանության վերաբերյալ հայտարարությունը
Ամերիկայի Հայկական Համագումարը ողջունել է Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցի կապակցությամբ ԱՄՆ նախկին փոխնախագահ Ջո Բայդենի հայտարարությունը:
Հիշեցնենք, որ երեկ Ջո Բայդենն իր հայտարարության մեջ նշել էր, որ ընտրվելու դեպքում պարտավորվում է աջակցել Հայոց ցեղասպանությունը ճանաչելու մասին բանաձեւի ընդունմանը եւ դարձնել համընդհանուր մարդու իրավունքներն իր վարչակազմի գլխավոր առաջնահերթությունը:
«Այսօր մենք հիշում ենք չարագործությունները, որոնց բախվել է հայ ժողովուրդը Մեծ Եղեռնի՝ Հայոց ցեղասպանության ժամանակ: Բազմաթիվ տարիների ընթացքում Սենատում ես հպարտությամբ գլխավորել եմ հայ ժողովրդի դեմ կատարված Ցեղասպանության ճանաչմանն ուղղված ջանքերը: Այսօր ես մեր ժողովրդի կյանքում այդքան մեծ ներդրում ունեցող բոլոր հայերի եւ հայ-ամերիկյան համայնքի կողքին եմ՝ հիշելով եւ հարգանքի տուրք մատուցելով Հայոց ցեղասպանության զոհերին»,- ասված է Բայդենի հայտարարության մեջ:
ԱՀՀ-ն նշել է, որ այսօրվա հայտարարությունը ցեղասպանության հարցում Բայդենի բազմամյա փորձի գագաթնակետն էր, հատկապես ԱՄՆ Սենատում նրա աշխատանքի ժամանակ:


