Երուսաղեմում հայկական սրբավայրի ուղղությամբ դարձյալ արձանագրվել է թքելու դեպք. ոստիկանությունն առաջին անգամ պահպանություն է տեղակայել
Իսրայելի ոստիկանությունն առաջին անգամ աշխատակիցներ է տեղակայել Երուսաղեմի Սուրբ Հակոբ հայկական տաճարի մոտ՝ կանխելու հայկական սրբավայրի նկատմամբ պարբերաբար տեղի ունեցող թքելու և այլ վիրավորական գործողությունները: Այս մասին տեղեկացնում է The Times of Israel-ը։
Նշվում է, որ նույնիսկ ոստիկանների ներկայությունը, սակայն, դեռևս չի կանգնեցրել նման միջադեպերը։
Իսրայելում դավանանքի ազատության տվյալների կենտրոնի ներկայացուցիչ Յիսկա Հարանին, որը փաստագրում է երկրում կրոնական խտրականության դեպքերը, հայտնել է, որ ոստիկանության աշխատակիցները շաբաթ օրը հայտնվել են Հին քաղաքում գտնվող հայկական եկեղեցու մոտ: Նախորդ երեկո նա տեսանյութում ֆիքսել է մի երիտասարդ հրեա կնոջ, որը, անցնելով տաճարի կողքով, թքել է դրա ուղղությամբ, ապա, ինչպես երևում է տեսագրությունից, լիզել է իր մատները։ Դրանից հետո կնոջը մոտեցել են ոստիկանները, սակայն իրավիճակի հետագա զարգացումը տեսանյութում չի արձանագրվել։
Առավոտյան Հարանին հրապարակել է ևս մեկ տեսագրություն, որտեղ, ենթադրաբար, մեկ այլ հրեա անցորդ թքում է Հին քաղաքում գտնվող հայկական վանքի ուղղությամբ։
Նշվում է, որ Իսրայելի ոստիկանությունը դեռևս չի մեկնաբանել այս դրվագները, սակայն, ինչպես հայտնի է, նման դեպքերն արդեն հանգեցրել են ձերբակալությունների․ օգոստոսի սկզբին ոստիկանությունը հայտնել էր վեց մարդու ձերբակալության մասին, որոնց կասկածում էին Սուրբ Հակոբի տաճարի ուղղությամբ թքելու և քարեր նետելու մեջ։



