ԱՄՆ-ն Նիդեռլանդներին կոչ է արել դուրս գալ Միջազգային քրեական դատարանի կազմից
ԱՄՆ իշխանությունները Նիդեռլանդներին կոչ են արել դուրս գալ Միջազգային քրեական դատարանի՝ ՄՔԴ-ի կազմից՝ այդ կազմակերպության դեմ լայնածավալ պատժամիջոցներ նախապատրաստելու համատեքստում: Այս մասին տեղեկացնում է Associated Press-ը՝ հղում անելով իրավիճակին ծանոթ իր աղբյուրներին:
Նշվում է, որ Նիդեռլանդները քննարկում են դատարանին աջակցելու հնարավորությունները՝ աշխատակիցներին և պաշտպանվող վկաներին վճարումների շարունակականությունն ապահովելու, ինչպես նաև քննչական մեկուսարանի անվտանգության ապահովման հնարավոր խափանումները կանխելու նպատակով։
Հաղորդվում է նաև, որ պատժամիջոցները կարող են սահմանվել արդեն երկուշաբթի օրը։ Համապատասխան նախազգուշացումը ամերիկացի պաշտոնյաները փոխանցել են Նիդեռլանդների ներկայացուցիչներին։ ՄՔԴ կենտրոնակայանը գտնվում է այդ երկրի տարածքում։
Ինչպես հայտնի է՝ պատժամիջոցներն ԱՄՆ-ի և Իսրայելի պաշտոնատար անձանց նկատմամբ նշված դատարանի կողմից իրականացվող հետաքննությունների պատասխանն են։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 20-ին The Wall Street Journal-ը հայտնել էր, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը պատրաստվում է լայնածավալ պատժամիջոցներ սահմանել ՄՔԴ-ի նկատմամբ, որոնք կարող են էապես սահմանափակել դատարանի աշխատանքը։



