երկուշաբթի, մայիս 12
12 / 5 / 2025
ԱԳՆ-ում միջին դասի դիվանագետների խումբ կձևավորվի. ՔՊ-ականների նոր նախագիծը

ԱԳՆ-ում միջին դասի դիվանագետների խումբ կձևավորվի. ՔՊ-ականների նոր նախագիծը

Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Վլադիմիր Վարդանյանն ու Հռիփսիմե Գրիգորյանը հանդես են եկել «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին նախաձեռնությամբ:

Նրանք առաջարկում են արտաքին գործերի նախարարությունում «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքի համաձայն նախարարության աջակցող կառուցվածքային ստորաբաժանումներում ներդնել քաղաքացիական ծառայության համակարգ:

Ըստ այդ փոփոխությունների, գլխավոր քարտուղարը (որը դիվանագիտական պաշտոն է) կունենա տեղակալ, որը կհամարվի քաղաքացիական ծառայող եւ կհամակարգի աջակցող մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանումների աշխատանքը, ինչն էական նշանակություն կունենա նախարարության բնականոն գործունեության ապահովման համար:

Դիվանագիտական աստիճանների սանդղակում կիրականցվի փոփոխություն, ըստ որի՝ կփոփոխվեն երկրորդ եւ առաջին քարտուղարների դասային աստիճանները: Այս փոփոխությունը հիմնվում է նաեւ միջազգային փորձի ուսումնասիրության վրա: Գործող դիվանագիտական դասային աստիճաններն առավել շատ ներքին օգտագործման համար են եւ կիրառելի չեն արտաքին հարաբերություններում:

Հերթական դիվանագիտական աստիճանի շնորհման ժամկետների փոփոխության առումով հաշվի է առնվում այն հանգամանքը, որ ՀՀ արտաքին գործերի նախարարության աշխատակազմում կամ առանձնացված ստորաբաժանումներում ծառայության ժամկետն առնվազն երկու տարի է, իսկ դրանից հետո օտարերկրյա պետություններում ՀՀ դիվանագիտական ներկայացուցչություն կցորդի աստիճանով գործուղվող դիվանագետների համար խնդիրներ են առաջանում համապատասխան մարմինների հետ շփումներում՝ ելնելով այն հանգամանքից, որ բազմաթիվ երկրներում կցորդները համարվում են տեխնիկական աշխատակիցներ: Տվյալ փոփոխությունը հնարավորություն կտա օտարերկրյա պետություններում եւ միջազգային կազմակերպություններում ՀՀ դիվանագետներին գործուղել առնվազն երրորդ քարտուղարի դիվանագիտական աստիճանով՝ ավելացնելով աշխատանքի արդյունավետությունը:

Հիմնավորման համաձայն, ակնկալվող փոփոխությունների արդյունքում հնարավոր կլինի ՀՀ ԱԳՆ-ում ձեւավորել միջին դասի դիվանագետների խումբ, որը ժամանակի ընթացքում կպահպանվի եւ կավելանա՝ հնարավորություն տալով ՀՀ ԱԳՆ-ին առավել լայն ընտրություն ունենալ տարբեր պաշտոնների նշանակման ժամանակ:

ՀՀ քաղաքացիներին դիվանագիտական անձնագրերի տրամադրումը կիրականացվի Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի հիման վրա, ինչը կբացառի հետագայում հատկապես զինապարտ ՀՀ քաղաքացիների զինհաշվառման հետ կապված խնդիրների առաջացումը, կապահովի շահագրգիռ գերատեսչությունների միասնական տեղեկատվական բազայի ձեւավորումը եւ զինապարտ ՀՀ քաղաքացիներին վավեր ճամփորդական փաստաթղթի տրամադրումը կիրագործվի օրենսդրության պահանջների խստագույնս պահպանմամբ եւ կհստակեցվի դիվանագիտական անձնագրերի տրամադրման եւ մերժման հետ կապված հարաբերությունների կարգավորումը:

  • Կիսվել: