ուրբաթ, նոյեմբեր 6
6 / 11 / 2026
2018 թվականից մինչ օրս նրանք պատրաստ են անգամ ամենաանհավանական թվացող զիջմանը. Վարդևանյանը՝ իշխանության մասին

2018 թվականից մինչ օրս նրանք պատրաստ են անգամ ամենաանհավանական թվացող զիջմանը. Վարդևանյանը՝ իշխանության մասին

Մենք բարդ իրավիճակում ենք. դրված է ինքնիշխանության, անկախության, պետականության պահպանման հարցը։ Այդ մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասել է «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը։

Պատասխանելով Սամվել Կարապետյանի կալանավորման մասին հարցին՝ նա նշել է. «Խոսքը արտաքին պարտադրանքի մասին է կամ, ինչպես իրենք են ասում, նախապայմանների պայմաններում ճնշում գործադրել ընդդիմության վրա՝ իրենց պատկերացմամբ դրական դիրքորոշում ստանալու համար, սակայն այն չեն ստանալու։ Նրանք այս ընթացքում պետք է հասկանային, որ Սամվել Կարապետյանի և նրա գլխավորած ուժի հետ շանտաժի ու բռնաճնշումների լեզվով խոսելը որևէ արդյունք չի տա»:

Վարդևանյանը հիշեցրել է, որ նախօրեին Հանրային հեռուստաընկերության եթերում ՔԿ քննչական բաժնի պետն ուղղակի արձանագրել է, որ այս վարույթը նախաձեռնվել է մի քանի ամիս առաջ։ «Բայց կալանավորումը տեղի է ունենում նոր սահմանադրության հանրաքվեից հրաժարվելու համատեքստում։ Ամեն ինչ այդքան պարզ ու պարզունակ է։ Եվ հաշվի առեք նաև, որ Սամվել Կարապետյանը 2025 թվականի հունիսի 18-ից կալանքի տակ է․ կալանքը բանտում լինի, թե տնային պայմաններում, միևնույն է՝ կալանք է, և տնային կալանքը ցանկացած եղանակով բանտային կալանքով փոխարինելը որևէ իրավական նպատակի չի ծառայում»,- նկատել է Վարդևանյանը՝ հավելելով, որ սա ալիևյան սահմանադրության օրակարգից հրաժարվելու հետևանքն է, որը որևէ կերպ չի ազդի մեր կամքի վրա։

Խոսելով այն մասին, թե ինչով է ընդդիմության ներկայիս համախմբումը տարբերվում նախորդ փորձերից՝ Վարդևանյանը նշել է, որ դա ցույց կտա ժամանակը։

Նրա խոսքով, սակայն, կա կարևոր հանգամանք․ կոնկրետ նպատակների շուրջ համախմբված ուժերը մի կողմ են դրել բազմաթիվ հակասություններն ու տարաձայնությունները։ «Մենք բարդ իրավիճակում ենք, դրված է ինքնիշխանության, անկախության, պետականության պահպանման հարցը։ Երբ մեկ այլ պետություն, որը մեզ դեռ թշնամի է համարում, անկեղծորեն չի մտնում խաղաղության օրակարգի մեջ, որովհետև եթե այդպես լիներ, ապա նախաստորագրված խաղաղության համաձայնագիրն ուղղակի ստորագրելու խնդիր չէր լինի։ Հակառակը՝ նրանք փորձում են խառնվել մեր ներպետական գործերին, սահմանադրությունը փոխելու հարց են դնում, ընդ որում՝ ոչ թե փոփոխության, այլ նոր սահմանադրության ընդունման։ Քանի որ նախաբանը և առաջին մասը անփոփոխ են, այդ պատճառով էլ առաջացել է նոր սահմանադրության հարցը։ Կարևոր է, որ մեր հայրենակիցները տեսան՝ սահմանադրական փոփոխությունների հարցը դրսից է պարտադրված»,-ասել է Վարդևանյանը։

Լրագրողների ճշտող հարցին, թե ինչով է պայմանավորված կալանավորումը տնային կալանքի տակ գտնվող Կարապետյանի նկատմամբ մշտական վերահսկողության պայմաններում, պատգամավորը նկատել է, որ իրավական պատասխան չկա, կան բռնաճնշման մեխանիզմներ։ «Իշխանությունները հստակ արձանագրել են․ 2018 թվականից մինչ օրս նրանք պատրաստ են բազմաթիվ զիջումների գնալ։ Պատրաստ են անգամ ամենաանհավանական թվացող զիջմանը։ Եվ միայն մի բան նրանք երբեք չեն մերժի՝ կալանավորման միջնորդությունները։

Վարդևանյանը կրկնել է իրադարձությունների ժամանակագրությունը՝ ալիևյան սահմանադրության օրակարգ, ընդդիմության արձագանք, Սամվել Կարապետյանի և այլ ընդդիմադիրների կալանավորում։ Սա լիովին համապատասխանում է քաղաքական հետապնդումների բնորոշմանը, հայտարարել է պատգամավորը։

Դիտարկմանը, որ իշխանության ներկայացուցիչներն ընդդիմությանը կշտամբում են Ալիևի անունը հաճախ հիշատակելու համար, Վարդևանյանը նկատել է, որ իր համար զզվելի է այն արտաբերելը, բայց խնդիրն այն է, որ իրականությունն այդպիսին է։ Սա ողբերգություն է, մենք հասել ենք այնտեղ, որ նրանք պատկերացնում են, թե կարող են պահանջել փոխել Հայաստանի սահմանադրությունը, հայտարարել է Վարդևանյանը։

«Մեր պետականության հիմքը կխարխլվի։ Թե ինչպիսին կլինեն հետևանքները, չեմ կարող կանխատեսել։ Բայց մի բան պարզ է․ պետությունը, որը դեռ չի ցանկանում մեզ հետ խաղաղության համաձայնագիր կնքել, չի ցանկանում մեզ հետ անկեղծ, փոխադարձության վրա հիմնված հարաբերություններ ունենալ, չի բացում սահմանը, կարո՞ղ է մեզ բարիք ցանկանալ։ Կարո՞ղ է այնպիսի փոփոխություններ ցանկանալ, որոնք Հայաստանը կդարձնեն ուժեղ։ Իհարկե՝ ոչ»,-նշել է նա:

  • Կիսվել: