շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Թուրքիայի եւ ԱՄՆ-ի ներկայացուցիչները քննարկել են իրավիճակը Սիրիայում և Իրան-ԱՄՆ լարվածությունը

Թուրքիայի եւ ԱՄՆ-ի ներկայացուցիչները քննարկել են իրավիճակը Սիրիայում և Իրան-ԱՄՆ լարվածությունը

Թուրքիայի նախագահի պաշտոնական ներկայացուցիչ Իբրահիմ Կալինը շաբաթ օրը բանակցություններ է անցկացրել Սիրիայի հարցով ԱՄՆ հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ջեֆրիի հետ, հղում անելով թուրքական ԶԼՄ-ներին՝ տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։

Հանդիպումն անցել է փակ ռեժիմով՝ Ստամբուլի Դոլմաբահչե պալատում։ Կողմերը քննարկել են Սիրիայում իրավիճակը, Իրանի եւ ԱՄՆ-ի միջեւ լարվածությունը, ինչպես նաեւ մի շարք այլ տարածաշրջանային հարցեր։

«Կալինը եւ Ջեֆրին ընդգծել են Սիրիայում անվտանգության գոտու ստեղծման հետ կապված թուրք-ամերիկյան պայմանավորվածությունների իրականացման անհրաժեշտությունը, որը թույլ կտա ապահովել փախստականների վերադարձը հայրենիք։ Նրանք նաեւ համամիտ են եղել, որ «Սիրիայում քաաքական գործընթացի հաջող ավարտի եւ երկրում ազատ ու թափանցիկ ընտրությունների անցկացման համար» համաշխարհային հանրությունը պետք է աջակցի սիրիական Սահմանադրական հանձնաժողովի աշխատանքին»,- նշվում է հաղորդագրության մեջ։

Նշենք, որ նախօրեին Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Խուլուսի Ակարը ընդունել էր Ջեֆրիին, նրանք քննարկել էին նաեւ Սիրիայում իրավիճակը։

Հիշեցնենք նաև, որ Ջեֆրին հունվարի 9-13-ը պետք է այցելի Թուրքիա եւ Սաուդյան Արաբիա, որպեսզի քննարկի Սիրիայում իրավիճակին եւ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարին վերաբերող հարցեր։

  • Կիսվել: