երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Սիրիահայերի անվտանգության ապահովման հարցում ՀՀ իշխանությունները պետք է բանակցեն ոչ միայն Ռուսաստանի, այլ առաջին հերթին բարեկամ Սիրիայի ղեկավարության հետ. Ժիրայր Ռեիսյան

Սիրիահայերի անվտանգության ապահովման հարցում ՀՀ իշխանությունները պետք է բանակցեն ոչ միայն Ռուսաստանի, այլ առաջին հերթին բարեկամ Սիրիայի ղեկավարության հետ. Ժիրայր Ռեիսյան

Սիրիայում վերջին զարգացումների շուրջ PrimeNews-ը զրուցել է ՍԱՀ խորհրդարանի հայ պատգամավոր Ժիրայր Ռեիսյանի հետ։

-Պարոն Ռեիսյան, ինչպե՞ս եք գնահատում հիմա Սիրայում ստեղծված իրավիճակը: Լարվածությունը թոթափվե՞լ է:

-Վստահ եմ, որ փորձում եք ուշիուշով հետևել Սիրիայի շուրջ վերջին զարգացումներին։ Պետության քաղաքական հաջողությունների կողքին սիրիական բանակը ազատագրում է տարածքներ և բարձրացվում է երկրի պետական դրոշը։ Դա հույս ու համոզում է ներշնչում մարդկանց։ Այս ամենը բնականաբար, թույլ է տալիս թոթափել Ձեր նշած լարվածությունը։

-Արդյոք պահպանվո՞ւմ է թուրքական ներխուժման վտանգը:

-Թուրքական ներխուժման դեմ միջազգային ընտանիքի դատապարտման արձագանքներն ու կեցվածքները մասամբ կասեցրին ներխուժման թափն ու առավել տարածման վտանգը։ Սակայն այդ վտանգը դեռ պահպանվում է՝ հաշվի առնելով Թուրքիայի օսմանաթուրքակն մտածելակերպը։ Սիրիական հողերի յուրացումը թուրքերի համար հին երազ է։

-Նոր հարձակման դեպքում, կառավարական զորքերը արդյոք պատրա՞ստ են դիմակայել և ապահովել բնակչության անվտանգությունը:

-Սիրիական պետությունն ու բանակը որևէ ժամանակ չեն ընկրկել կամ թերացել ժողովրդի պաշտպանության հանձնառության մեջ։ Սակայն, կուզեի նշել նաև, որ Ձեր կողից հնչած «կառավարական զորքեր» արտահայտությունը հարազատ չի հնչում, որովհետև բախումների ծանր ու վտագավոր օրերին ժողովուրդը ինքնակամ ու բանակին զուգահեռ գործող խմբեր կազմելով, ինքը ևս դարձավ բանակ սպառնացող վտանգների դեմ։ Սակայն այսօր ժողովրդի համար հիմնական ու առաջնային հարցը տիրող սոցիալ-տնտեսական ծանր վիճակն է։

-Պարոն Ռեիսյան, ի՞նչ վիճակում է հայկական համայնքը, արդյոք աջակցության կարիք ունի, եթե այո, ապա ի՞նչ հարցերում։

-Սիրիահայերի վիճակը ոչ մի կերպ չի տարբերվում սիրիացի ժողովրդի վիճակից։ Առօրյա կյանքը իր ընթացքի մեջ է։ Արհեստներ, դպրոց, եկեղեցի, ակումբներ, միություններ՝ այս բոլորի դռները չփակվեցին պատերազմի ամենածանր օրերին նույնիսկ։ Այս օրերին էլ հրթիռակոծությունները շարունակվում են, սակայն տարածքային ու հաճախականության տեսանկյունից դրանք ավելի քիչ են՝ թեև քաղաքի հայկական բնակության շրջաններից բավական հեռու է։

-Զգո՞ւմ է արդյոք հայկական համայնքը հայրենիքի իշխանության աջակցությունը, ինչպե՞ս է դա դրսևորվում։

-Սիրիական տագնապի ամբողջ տևողության ընթացքում, ինչպես Սփյուռքը՝ ամենուրեք, բնականաբար նաև հայրենիքը՝ պետությունը և ժողովուրդը, անտարբեր չմնացին սիրիահայության նկատմամբ, թերևս ոչ միշտ բավարարող պայմաններով, սակայն շարունակականորեն դրական և գործնական մասնակցությամբ։

-Ինչպե՞ս եք գնահատում հայ խաղաղապահների առաքելությունը Սիրիայում:

-Բարձր է գնահատված հայ խաղաղապահների առաքելությունը՝ լինեն դրանք բժշկական ծառայության տեսքով, թե մարդասիրական, կյանք փրկող, ականազերծման ծառայության մեջ։ Առաքելություն իրականացնող խմբերին միշտ էլ դրվատանքով է դիմավորել պետությունն ու ժողովուրդը։

-Վերջերս ՀՀ վարչապետը հայտարարեց, որ պայմանավորվել է Պուտինի հետ սիրիական որոշ քաղաքներում հայկական բնակչության անվտանգության ապահովելու հարցում։ Զգո՞ւմ եք արդյոք այդ պայմանավորվածության արդյունքները, եթե այո, ինչպե՞ս է դա դրսևորվում։

-Այս հարցի շուրջ բավարար չափով տեղեկացված չեմ և դժբախտաբար, չեմ կարող պատասխանել։ Սակայն պետք չէ մոռանալ, որ որևէ սիրիացի քաղաքացու անվտանգությունը վերաբերում է միայն սիրիական կառավարությանը, հետևաբար պարոն վարչապետի ազնիվ ու սրտացավ այս մոտեցումը պետք է համադրվի ոչ միայն Սիրիայի բարեկամ ու դաշնակից Ռուսաստանի առաջին դեմքի հետ, այլ միաժամանակ Հայաստանի հետ բարեկամական ու ավելի սերտ կապեր ունեցող Սիրիայի ղեկավարության հետ։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: