Իսրայելի հարձակումները սերտորեն համակարգվում են ԱՄՆ-ի հետ. Իրանի նախագահ
Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ հեռախոսազրույցում հայտարարել է, որ Իսրայելի ներկայիս հարձակումներն իրականացվում են Միացյալ Նահանգների հետ սերտ համակարգմամբ, հաղորդում է Իրանի նախագահի մամուլի ծառայությունը։
Մասուդ Փեզեշքիանն ընդգծել է, որ եթե Միացյալ Նահանգները ցանկանա, կարող է «տեղը դնել այս ռեժիմին»։
«Իրանի Իսլամական Հանրապետությունը միշտ պատրաստ է եղել երկխոսության և փոխգործակցության միջոցով փոխըմբռնման և համաձայնության հասնել, բայց, ցավոք, մեր փաստարկներն ընդունելու փոխարեն, համաշխարհային տերություններն ընդունել են այն ռեժիմի ստերը, որը ձգտում է քաոս սերմանել տարածաշրջանում», - ասել է նա Մակրոնին։
Նա հավելել է, որ Թեհրանը չի փոխի իր դիրքորոշումը միջուկային դոսիեի վերաբերյալ և չի ընդունի իռացիոնալ պահանջներ։
Ֆրանսիայի նախագահն, իր հերթին, հեռախոսազրույցում ասել է, որ Փարիզը պատրաստ է ավելի ակտիվորեն համագործակցել միջուկային հարցի լուծման գործընթացում։
«Ֆրանսիան տեղյակ չէր Իսրայելի կողմից Իրանին հարձակվելու մտադրության մասին և չէր մասնակցում այս հարցին, ուստի մենք հույս ունենք, որ այս իրադարձությունները չեն վնասի մեր միջև համագործակցությանը և հարաբերություններին», - ասել է Մակրոնը։