շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Սաակաշվիլին քրեակատարողական հիմնարկից նամակներ է հղել

Սաակաշվիլին քրեակատարողական հիմնարկից նամակներ է հղել

Վրաստանի երրորդ նախագահ, Միխեիլ Սաակաշվիլին, որն օրեր առաջ ժամանել էր Վրաստան ու ձերբակալվել, նամակներ է հղել Վրաստանի քաղաքացիներին և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկուն, գրում է aliq.ge-ն:

Ընդդիմադիր «Մթավարի արխի» հեռուստաընկերության տնօրեն Նիկա Գվարամիան Սաակաշվիլիի հետ հանդիպումից հետո ընթերցել է նախկին նախագահի ուղերձը, որում նշված է, թե չի պատրաստվում դադարեցնել հացադուլը և հրաժարվում է որևէ բժշկական օգնությունից։

«Ցանկանում եմ, որ Վրաստանի քաղաքացիներն իմանան իմ հաստատուն որոշման մասին: Ես վերադարձա Վրաստան՝ օգնելու մեր ժողովրդին վերականգնել կառավարությունն ու ժողովրդավարությունը: Ինչպես և սպասվում էր, ռեժիմն ինձ բերման ենթարկեց: Ես ազատ մարդ եմ մնում ճաղերի հետևում: Ինչպես, հավանաբար, գիտեք, ես հացադուլ եմ հայտարարել և ոչ մի դեպքում չեմ դադարեցնի այն, մինչև ես և իմ պատճառով ձերբակալված անձինք ազատ չարձակվեն: Ես շատ եմ սիրում կյանքը, սակայն, եթե այլևս չեմ կարող իմ գոյությամբ օգնել իմ ժողովրդին, ապա պատրաստ եմ կյանքս նվիրել հայրենիքիս։ Ես հստակ գիտեմ, թե ինչի եմ գնում: Թեև չէի ուզի ցավեցնել իմ հարազատներին, սակայն նախապես մերժում եմ բժիշկների օգնությունը՝ ինչպիսի ծանր վիճակում էլ, որ լինեմ։ Ես ձեզ բոլորիդ շատ եմ սիրում», — ասել է Միխայիլ Սաակաշվիլին հայտարարության մեջ:

Ավելի վաղ Սաակաշվիլին ֆեյսբուքյան իր էջում գրել էր, որ ընտրություններին իր հիմնած «Միացյալ ազգային շարժում» կուսակցությունը գրանցել է փայլուն արդյունք և իշխող «Վրացական երազանք» կուսակցության ղեկավարմանը մնացել են հաշված ժամեր։

Բացի այդ, Սաակաշվիլին նամակ է հղել նաև Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկուն՝ նշելով, որ թեև սիրում է Վրաստանը, սակայն սիրում է նաև Ուկրաինան, որը համարում է իր երկրորդ հայրենիքը։

«Ամբողջ կյանքում հպարտ կլինեմ, որ հնարավորություն ունեցա իմ համեստ ներդրումն ունենալ ձեր կատարած պատմական փոփոխությունների և բարեփոխումների մեջ: Քանի որ իրականում Պուտինի անձնական բանտարկյալն եմ, ես շատ բարձր եմ գնահատում ձեր սկզբունքային դիրքորոշումը՝ կապված Ուկրաինայի, ամբողջ տարածաշրջանի բոլոր բանտարկյալների պաշտպանության հետ», — գրել է Միխայիլ Սաակաշվիլին:

Հիշեցնենք, որ Սաակաշվիլին Վրաստանում կարևոր համարվող տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների նախորդ օրը հայտարարեց, թե Վրաստանում է, իսկ ավելի ուշ տեսանյութ հրապարակեց` նշելով, թե գտնվում է Բաթումիում:

Սակայն Վրաստանի Ներքին գործերի նախարարությունը հաղորդեց, թե Սաակաշվիլին չի հատել Վրաստանի սահմանը, իսկ արդեն ուշ երեկոյան հայտնեցին նրա ձերբակալման մասին։

Միխեիլ Սաակաշվիլին Վրաստանը ղեկավարել է 2004-2013 թվականներին: 2013 -ի ընտրություններում պարտվելուց հետո նա լքել է երկիրը, ինչից հետո քաղաքական գործչի դեմ հարուցվել են մի շարք քրեական գործեր, նրա նկատմամբ հայտարարված է հետախուզում: Նա ութ տարուց ավելի է չի եղել Վրաստանում, սակայն բազմիցս խոսել է վերադարձի մասին։  2015 -ին Սաակաշվիլին կորցրեց Վրաստանի քաղաքացիությունը և գրեթե վեց տարի Ուկրաինայի քաղաքացի է:

  • Կիսվել: