հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Ռուսաստանի միջամտության մասին խոսք չկա. Պեսկովը՝ Գերմանիայում հատուկ օպերացիայի մասին

Ռուսաստանի միջամտության մասին խոսք չկա. Պեսկովը՝ Գերմանիայում հատուկ օպերացիայի մասին

Գերմանիայում հեղաշրջման նախապատրաստումը Գերմանիայի ներքին խնդիրն է, ոչ մի խոսք չի կարող լինել Ռուսաստանի միջամտության մասին, հայտարարել Է Ռուսաստանի նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։

«Դա Գերմանիայի ներքին խնդիրն է, եւ նրանք իրենք են արձանագրում, որ Ռուսաստանի միջամտության մասին խոսք լինել չի կարող։ Այդ թեմայով ասելիք չունենք»,-ասել է Պեսկովը։

Ավելի վաղ Գերմանիայի գլխավոր դատախազությունը հայտնել է, որ Գերմանիայում իշխանությունը բռնի զավթելու նպատակով դավադրությանը մասնակցելու եւ դրան աջակցելու կասկածանքով ձերբակալվել է 25 մարդ, եւս 27 անձանց բնակարաններում խուզարկություններ են իրականացվում: Հաղորդագրության համաձայն՝ միավորման «ռազմական թեւը» ներառում է 25 ձերբակալվածներից 14-ը, նրանց թվում կան նախկին զինծառայողներ: Դավադրության գաղափարական հիմքերը, գլխավոր դատախազության տվյալներով, փոխառվել են Reichsbürger («Ռեյխի քաղաքացիներ») եւ QAnon կազմակերպությունների աջ արմատական ցանցից:   

Գերմանիայի գլխավոր դատախազության տվյալներով՝ ձերբակալվածների հիմնական մասը Գերմանիայի քաղաքացիներ են, սակայն նրանց թվում կա Ռուսաստանի քաղաքացի՝ Վիտալի Բ.-ն, որը պետք է ապահովեր դավադիրների առաջնորդների շփումները Գերմանիայում ռուս պաշտոնյաների հետ:     

Ձերբակալությունները կատարվել են Գերմանիայի Բադեն-Վյուրթեմբերգ, Բավարիա, Բեռլին, Հեսսեն, Ստորին Սաքսոնիա, Սաքսոնիա, Թյուրինգիա դաշնային հողերում, ինչպես նաեւ մեկ ձերբակալություն է տեղի ունեցել Ավստրիայում (Կիտցբյուել) եւ Իտալիայում (Պերուջա):   

  • Կիսվել: