կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Ռուսաստանի դեսպանատունը բողոքի նոտա է հղել Պետդեպ՝ Բայդենի խոսքերի պատճառով

Ռուսաստանի դեսպանատունը բողոքի նոտա է հղել Պետդեպ՝ Բայդենի խոսքերի պատճառով

ԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպանատունը ՛՛կոշտ բողոքի նոտա՛՛ է հղել Պետդեպ՝ կապված նախագահ Ջո Բայդենի՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հասցեին վիրավորական արտահայտությունների անթույլատրելիության հետ: Այս մասին հինգշաբթի հայտարարել է Վաշինգտոնում ՌԴ դեսպան Անատոլի Անտոնովը, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստի-ն:

Ավելի վաղ Բայդենը, ելույթ ունենալով Սան Ֆրանցիսկոյում նախընտրական փակ միջոցառման ժամանակ, կրկին կոպիտ է արտահայտվել Վլադիմիր Պուտինի մասին: ԱՄՆ-ի նախագահը հայտարարել է. ՛՛Կան խենթ շան լակոտներ, ինչպես այս տղան՝ Պուտինը, և մյուսները, և մենք միշտ պետք է անհանգստանանք միջուկային հակամարտության կապակցությամբ՛՛:

՛՛Այսօր առավոտյան, հենց սկսեց աշխատել Պետդեպարտամենտը, մենք բողոքի կոշտ նոտա հղեցինք ամերիկյան ղեկավարության կողմից Ռուսաստանի նախագահի հասցեին վիրավորանքների աղաղակող բնույթի եւ անթույլատրելիության մասին՛՛,-հայտարարել է ռուս դիվանագետը, որի մեկնաբանությունը հրապարակվել է դիվանագիտական առաքելության Telegram ալիքում:

Ինչպես նշել է Անտոնովը՝ ՛՛ներկայիս իրավիճակը հազիվ թե հնարավոր լինի կարգավորել պարզ ներողություն խնդրելով, եւ ԱՄՆ-ի իշխանությունները դրան չեն գնա՛՛:

՛՛Խստորեն ասած՝ մենք համարժեք արձագանք չենք ակնկալում։ Ամերիկայում նոյեմբերյան ընտրություններին մոտենալուն պես նման էսկապադները սովորական են դառնում՛՛,-նշել է դեսպանը:

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: