կիրակի, հուլիս 12
12 / 7 / 2026
Պուտինն ու Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել. ինչ են քննարկել

Պուտինն ու Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել. ինչ են քննարկել

Ռուսաստանի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել։

Ըստ Թուրքիայի ղեկավարի գրասենյակի տարածած հաղորդագրության՝ կողմերը քննարկել են Ուկրաինայում տիրող հակամարտությունն ու Սիրիայում ստեղծված իրավիճակը։

«Էրդողանը նշել է, որ կարևոր է սկսել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունների երրորդ փուլը, և որ Թուրքիան պատրաստ է հյուրընկալել հանդիպումը Ստամբուլում, երբ որոշվեն կողմերի համար հարմար ժամկետները»,-ասված է հաղորդագրության մեջ:

Այս շաբաթվա սկզբին ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը շեշտել է, որ Ռուսաստանը պատրաստ է բանակցությունների երրորդ փուլին, սակայն Կիևից դեռևս առաջարկներ չեն ստացել։

.Թուրքիայի նախագահը կարևորել է նաև կայունության և անվտանգության ապահովումը Սիրիայում։

«Նախագահ Էրդողանը նշել է, որ Սիրիայի հարավից՝ Աս-Սուեյդայից, անվտանգության ուժերի դուրսբերմանը հաջորդած բախումները սպառնալիք են ամբողջ տարածաշրջանի համար, և կարևոր է, որ Իսրայելը չխախտի Սիրիայի ինքնիշխանությունը։ Նա հայտարարել է, որ Թուրքիան ձգտում է կայունություն և անվտանգություն ապահովել այդ երկրում և օգնել հնարավորինս շուտ ոտքի կանգնելուն»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Իսկ Կրեմլի հաղորդագրության համաձայն՝ ղեկավարներն ընդգծել են Սիրիայում այդ երկրի բոլոր համայնքների համար հավասար իրավունքների ապահովման կարևորությունը և տարածքային ամբողջականության պահպանումը:

Պուտինը, ըստ հաղորդագրության, ևս մեկ անգամ «ընդգծել է տրամադրվածությունը ուկրաինական խնդրի դիվանագիտական և քաղաքական հանգուցալուծման ուղիներ գտնելուն և շնորհակալություն հայտնել Էրդողանին՝ ստամբուլյան հարթակում ռուս-ուկրաինական բանակցության հետագա փուլերը հյուրընկալելու պատրաստակամության համար»: 

  • Կիսվել: