երկուշաբթի, մայիս 6
6 / 5 / 2024
Որոշ արևմտյան երկրներ փորձում են սպառնալիքներ և ճգնաժամեր ստեղծել Իրանի և Ռուսաստանի հարևանությամբ. Իրանի դեսպան

Որոշ արևմտյան երկրներ փորձում են սպառնալիքներ և ճգնաժամեր ստեղծել Իրանի և Ռուսաստանի հարևանությամբ. Իրանի դեսպան

Մոսկվայում Իրանի դեսպան Քազեմ Ջալալին ասել է, որ որոշ արևմտյան երկրներ փորձում են սպառնալիքներ և ճգնաժամեր ստեղծել Իրանի և Ռուսաստանի հարևանությամբ։ Այս մասին դիվանագետն ասել է մամուլի ասուլիսում, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

Դեսպանը ռուսական կողմին առաջարկել է համատեղ լուծում գտնել այս հարցերի շուրջ։ Ջալալիի խոսքով՝ ինքնիշխան պետությունները, որոնք վարում են անկախ քաղաքականություն, այդ ճանապարհին հանդիպում են սպառնալիքների:

Դիվանագետն ընդգծել է, որ այդ մարտահրավերներից ու սպառնալիքներից մի քանիսը վերաբերում են այն սահմանափակումներին ու պատժամիջոցներին, որոնք հավաքական Արևմուտքը՝ Միացյալ Նահանգների գլխավորությամբ, սահմանում է այլ երկրների նկատմամբ։

«Կարծում եմ, որ այժմ ժամանակն է սիներգիա ստեղծելու համար, որպեսզի ուղի գտնենք լուծելու այս խնդիրները և համատեղ պայքարենք այն սպառնալիքների ու մարտահրավերների դեմ, որոնց բախվում են մեր երկրները»,- հավելել է Ջալալին։

  • Կիսվել: