չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Նուբար Աֆեյանը` կորոնավիրուսի պատվաստանյութի մասին

Նուբար Աֆեյանը` կորոնավիրուսի պատվաստանյութի մասին

Մարտի 16-ին Միացյալ Նահանգներն սկսել է կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի փորձարկումները կամավորական քաղաքացիների վրա: Պատվաստանյութը, ինչպես հայտնի է պատրաստել է հայազգի գործարար, բարերար Նուբար Աֆեյանի հիմնադրած ու ղեկավարած Moderna Therapeutics ընկերությունը:

Այդ առիթով, հայազգի գործարարը հարցազրույց է տվել Լիբանանի Radio Voice of Van  ռադիոկայանին: Հարցազրույցում, որի վերաբերյալ տեղեկություն է հրապարակել Մեդիամաքս գործակալությունը, Նուբար Աֆեյանը հետաքրքիր հայտարարություն եւ մեկնաբանություններ է արել:

Մասնավորապես, նա նշել է, որ երեք տարի եւ ավելի է աշխատում են ԱՄՆ Ազգային առողջապահական ինստիտուտի հետ եւ զբաղվել են կորոնավիրուսի նախորդ տարբերակների դեմ պատվաստանյութի հետազոտություններով: Նոր կորոնավիրուսի վարակի բռնկումից հետո ընկերությանն ԱՄՆ կառավարությունն առաջարկել է աշխատել արդեն դրա դեմ պատվաստանյութի ուղղությամբ: «Մենք պատրաստ էինք թե՛ տեխնոլոգիայի, թե՛ փորձառության առկայության տեսանկյունից, եւ շուտով իրենց հետ միասին կարողացանք ստեղծել պատվաստանյութի մեր տարբերակը», ասել է Նուբար Աֆեյանը։

Հայտարարությունն իսկապես ինտրիգային է: Արդյոք ԱՄՆ առողջապահական ինստիտուտի հետ կորոնավիրուսի նախորդ տարբերակների հետազոտական աշխատանքի հիմքում չեն եղել հնարավոր համաճարակային վտանգների հետ կապված ԱՄՆ որոշակի սպասումները կամ հատուկ իրազեկվածությունը, որոնք գուցե ծագել են ավելի վաղ, քան սպասվում կամ կանխատեսվում էր:

Այդ հանգամանքը հատկանշական է այն մեղադրանքի ֆոնին, որ Չինաստանը հնչեցրեց ԱՄՆ հասցեին, թե ամերիկացի զինվորականները կարող էին վարակը տանել Ուհան: Բանն այն է, որ դրանից առաջ էլ արեւմտյան մամուլում շատ էին վարկածները, որ վարակը դուրս է եկել այդ քաղաքում գտնվող չինական հատուկ լաբորատորիաներից, տեղի ունեցած սխալի հետեւանքով: Չինաստանը հաստատում է, որ Ուհանում կան այդպիսի լաբորատորիաներ: Միաժամանակ, հետաքրքիր է նաեւ այն, որ Չինաստանը ԱՄՆ «տեղափոխեց» մեղադրանքը հենց այն իրողությանը զուգահեռ, որ Նահանգներում գործնական փորձարկման փուլ մտավ կորոնավիրուսի պատվաստանյութը, որ ստեղծել էր մեր հայրենակցի ընկերությունը:

Նուբար Աֆեյանի խոսքով, նոր կորոնավիրուսը հին տարբերակների հետ ունի նմանություն, բայց նաեւ տարբերություն, եւ այդ առումով էլ կարեւոր է եղել աշխատանքը դրա ուղղությամբ:

Միաժամանակ, Նուբար Աֆեյանը փաստորեն մասնագիտական իրազեկվածության եւ կոմպետենտության դիրքից արել է հայտարարություններ, որոնք կարեւոր են հանրային հոգեվիճակն ու վարքագիծը հանդարտեցնելու եւ խուճապ թույլ չտալու տեսանկյունից:

«Կորոնավիրուսի երկու տարբերակ ունենք, որոնք ծագել են կենդանիների մոտ եւ փոխանցվել մարդկանց։ Նոր կորոնավիրուսի արագ տարածումը եւ մահվան ելքերը հասարակության շրջանում վախ առաջացրեց։ Համացանցի միջոցով լուրերը շատ արագ են տարածվում, եւ այսօր, կարծում եմ, երկու տեսակ վտանգ կա՝ մեկը վարակն է, մյուսը՝ վախը: Երկուսն էլ նույն արագությամբ են տարածվում, երբեմն, վախն՝ ավելի արագ», ասել է Նուբար Աֆեյանը։

Նա ասել է, որ կարեւոր է հիգիենայի եւ սոցիալական տարածության պահպանումը, որպեսզի առողջապահական համակարգերը չկանգնեն մեծ խնդիրների առաջ: Միաժամանակ, Նուբար Աֆեյանը կարծում է, որ առաջին հզոր ալիքից հետո, որը ըստ նրա տեւում է մոտ երեք ամիս, մարդկությունը աստիճանաբար կվարժվի վարակին, ինչպես հարբուխին, որից եւս լինում են մահվան դեպքեր: «Կարծում եմ՝ ժողովուրդը պիտի ոչ թե հաղթահարի այս վարակը, այլ վարժվի, ինչպես հարբուխի դեպքում է, որն ամեն տարի տարածվում է, մահվան ելքեր ունենում։ Կարծում եմ, որ այս կորոնավիրուսն այդ ճակատագիրը կարող է ունենալ։ Այդ առումով էլ կարեւոր է, որ պատվաստանյութը ստեղծվի», ասել է Աֆեյանը:

Առայժմ իհարկե որոշակի չէ, թե ինչ ժամկետում հնարավոր կլինի հասնել պատվաստանյութի լայն կիրառման: Դա անշուշտ կախված է փորձարկման էֆեկտիվությունից եւ արդյունքից:

Խոսվում է 12-18 ամիսների մասին, որ կպահանջվի պատվաստանյութի համար: Այդուհանդերձ, վերադառնալով Նուբար Աֆեյանի խոսքին, որ արդեն երեք տարի աշխատում էին հին կորոնավիրուսի հետազոտման վրա, թերեւս պետք չէ բացառել, որ նորի դեմ պատվաստանյութի այսպես ասած բազայի առկայությունը կարող է ապահովել ժամկետներն անակնկալ արագացնելու ներուժ:

  • Կիսվել: