կիրակի, հունիս 7
7 / 6 / 2026
Նուբար Աֆեյանը Forbes-ի վարկածով ընդգրկվել է ԱՄՆ-ի 250 մեծագույն նորարարների ցանկում

Նուբար Աֆեյանը Forbes-ի վարկածով ընդգրկվել է ԱՄՆ-ի 250 մեծագույն նորարարների ցանկում

Ամերիկյան Forbes ամսագիրը հայազգի գործարար, գիտնական և ներդրող Նուբար Աֆեյանին ընդգրկել է "Ամերիկայի 250 մեծագույն նորարարներ" (America ' Ս Greatest Innovators 2026) վարկանիշային աղյուսակում, հայտնում է Zartonk Media կայքը:

Ցուցակում նա զբաղեցրել է 32-րդ հորիզոնականը՝ որպես կենսատեխնոլոգիական արդյունաբերության առանցքային ներկայացուցիչներից մեկը։

Ցուցակը հրապարակվել Է ԱՄՆ 250-ամյակի կապակցությամբ։ Վարկանիշի առաջին տեղը զբաղեցրել Է Իլոն Մասկը, նրան հաջորդում են Amazon-ի հիմնադիր Ջեֆ Բեզոսը, Նիկե-ի հիմնադիր Ֆիլ Նայթը, NVIDIA-ի ղեկավար Ջենսեն Հուանգը, ինչպես նաև ռեժիսորներ Ջորջ Լուկասը և Սթիվեն Սփիլբերգը:

Պարբերականի տվյալներով՝ Forbes-ը գրեթե հազար թեկնածու է գնահատել ըստ կրեատիվության, ոլորտների վրա ազդեցության և կոմերցիոն արդյունքի չափանիշների:

Առաջին փուլում հավակնորդներին գնահատել է փորձագետների խումբը, այնուհետև օգտագործվել են արհեստական ինտելեկտի գործիքները, որից հետո վերջնական կարգը որոշել են խմբագիրները:

Աֆեյանը 2000 թվականին ստեղծված Flagship Pioneering-ի հիմնադիրն է։ Մասնակցել է ավելի քան 100 գիտատեխնիկական ընկերությունների ստեղծմանը։

2010 թվականին Աֆեյանը դարձավ Moderna-ի համահիմնադիրներից մեկը, որն ավելի ուշ մշակեց COVID-19-ի դեմ առաջին mRNA պատվաստանյութերից մեկը: Համաճարակի ընթացքում Moderna պատվաստանյութը կիրառվել է ավելի քան 70 երկրներում։ Աֆեյանը զբաղեցնում է Moderna-ի տնօրենների խորհրդի նախագահի պաշտոնը։ Նա արժանացել է ԱՄՆ տեխնոլոգիայի և նորարարության ազգային մեդալին՝ տեխնոլոգիական ոլորտում ձեռքբերումների համար ամերիկյան բարձրագույն պարգևին:

Նուբար Աֆեյանը ծնվել է 1962 թվականին Բեյրութում՝ հայկական ընտանիքում։ Նրա պապը վերապրել է Հայոց ցեղասպանությունը։ 1975 թվականին Աֆեյանի ընտանիքը Լիբանանի քաղաքացիական պատերազմի պատճառով տեղափոխվել է Մոնրեալ։

Նա ավարտել է Մաքգիլի համալսարանը, իսկ 1987 թվականին Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտում ստացել է կենսաքիմիական ճարտարագիտության դոկտորի կոչում։

Աֆեյանը հայտնի է նաև Հայաստանի հետ կապված իր նախաձեռնություններով ։ 2015 թվականին Վարդան Գրեգորյանի և Ռուբեն Վարդանյանի հետ դարձել է Aurora մարդասիրական նախաձեռնության և Aurora Prize for Awakening Humanity մրցանակի համահիմնադիրը, որը հիմնադրվել է ի հիշատակ Հայոց ցեղասպանության և վերապրածներին փրկած մարդկանց:

Նա նաեւ հայկական գիտության եւ տեխնոլոգիաների հիմնադրամի (FAST) հիմնադիրներից է, UWC Dilijan International School-ի խորհրդի անդամ, Future Armenian նախաձեռնության համահիմնադիր եւ Հայաստանի երկարաժամկետ զարգացման հետ կապված նախագծերի մասնակից:

Վերջին տարիներին Աֆեյանը մասնակցում է նաև Հայաստանում իրականացվող տեխնոլոգիական նախագծերին։ Նա Firebird ընկերության հիմնադիրներից եւ ռազմավարական խորհրդականներից է, որը NVIDIA-ի եւ Հայաստանի կառավարության հետ համատեղ իրականացնում է երկրում մոտ 500 մլն դոլար արժողությամբ AI-Դատա-կենտրոնի ստեղծման նախագիծը: Նախագծի ներդրողների թվում է նաեւ Afeyan Foundation for Armenia-ն:

  • Կիսվել: