ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Խաթիբզադեն հերքել է ուկրաինացի պաշտոնյայի հայտարարությունը, թե ուկրաինական ինքնաթիռը դիտավորյալ է խոցվել

Խաթիբզադեն հերքել է ուկրաինացի պաշտոնյայի հայտարարությունը, թե ուկրաինական ինքնաթիռը դիտավորյալ է խոցվել

Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակը կտրականապես հերքել է Ուկրաինայի ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի հայտարարությունը՝ ուկրաինական ինքնաթիռի կործանման կանխամտածված լինելու մասին, գրում է parstoday.com-ը:

«Ֆարս» լրատվական գործակալության հաղորդման համաձայն, ուրբաթ օրն արձագանքելով ուկրաինական ինքնաթիռի կործանման մասին Ուկրաինայի ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի հայտարարությանը, Սաիդ Խաթիբզադեն ասել է. «Ցավալի է, որ չնայած բոլոր փորձագիտական ​հետազոտություններին ու դրանց արդյունքերի վերաբերյալ զեկույցներին, ուկրաինացի որոշ պաշտոնյաներ շարունակում են հանդես գալ քաղաքական և անորոշ հայտարարություններով և լրատվամիջոցներում ներկայացնել իրենց սուբյեկտիվ վարկածները»:

Խաթիբզադեն հավելել է. «Այնպիսի տպավորություն է, թե Ուկրաինայի իշխանությունների համար առաջնահերթը ոչ թե այս ողբերգական պատահարի պատճառները օբյեկտիվ և փորձագիտական ​​փաստերի համատեքստում գտնելը և զոհերի ընտանիքների տառապանքները մեղմելն է, այլ այս ողբերգությունն քաղաքականապաես շահարկելը՝ իրենց ներքին խնդիրները կամ այլ երկրների հետ փոխհարաբերությունները կապելով դրա հետ»:

Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակը նշել է. «Իրանի իսլամական հանրապետությունը ևս մեկ անգամ իր պատրաստակամությունն է հայտնում՝ բոլոր կողմերի հետ բանակցություններ վարելու միջազգային իրավունքի և սկզբունքների շրջանակներում, միևնույն ժամանակ մյուս կողմերին խորհուրդ տալով իրենց հայտարարություններում դուրս չգալ տրամաբանության և օրենքի սահմաններից»:

2020-ի հունվարին, Թեհրանի Իմամ Խոմեյնու անվան օդանավակայանի մերձակայքում կործանվեց ուկրաինական ավիաընկերությանը պատկանող օդանավը, ինչի հետևանքով զոհվեցին ինքնաթիռի 176 ուղևորներն ու անձնակազմի անդամները:

Իրանը հայտարարել է, որ ուկրաինական ինքնաթիռի կործանումը եղել է ոչ դիտավորյալ և պայմանավորված է եղել մարդկային սխալով:

 

  • Կիսվել: