Մենք ցանկացած օր պատրաստ ենք արտահերթ ընտրությունների. Սամվել Կարապետյան
Եթե Փաշինյանը սկսի լրտեսներ փնտրել, կհասնի ինքն իրեն և իր թիմի անդամներին։ Այդ մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ, գործարար և բարերար Սամվել Կարապետյանը։
Մեկնաբանելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը «լրտեսական» ընդդիմության հասցեին, որից պետք է ազատվել, Կարապետյանը նկատել է, որ Փաշինյանը ցանկանում է ազատվել ինքն իրենից․ եթե սկսի լրտեսներ փնտրել, կհասնի ինքն իրեն և իր թիմի անդամներին։ Ես միայն ուրախ կլինեմ, եթե նա արագ քայլերով գնա այդ ճանապարհով։
Քաղաքական գործիչը շեշտել է, որ թե՛ ՏԻՄ ընտրությունները, թե՛ համապետական ընտրությունները հաստատել են իշխանությունների ցածր վարկանիշը՝ ընտրողների ձայների շուրջ 30 տոկոսը։ Այնուամենայնիվ, վախով տարված իշխանությունները չեն դադարում ճնշում գործադրել, ինչի վկայությունն էր խորհրդարանական ընտրություններից առաջ «Ուժեղ Հայաստանի» շուրջ 360 կողմնակիցների, ինչպես նաև ՏԻՄ ընտրություններից առաջ տասնյակ կողմնակիցների ձերբակալությունը։
Կարապետյանի գնահատմամբ՝ վերջին ընտրությունների արդյունքները ցույց են տալիս իշխանությունների ձախողումը․ իշխանություններն այնքան են հոգնեցրել մարդկանց, որ նրանք չեն մասնակցում ընտրություններին։
Վերադառնալով հնարավոր արտահերթ ընտրությունների թեմային՝ քաղաքական գործիչը վստահություն է հայտնել, որ «Ուժեղ Հայաստան» խմբակցությունում չի գտնվի պատգամավոր, որին իշխանությունները կկարողանան համոզել կամ ճնշման ենթարկել։ «Բայց Փաշինյանը ասել է նաև, որ եթե Սահմանադրությունը «չանցնի», ապա ինքը անելիք չունի, իսկ իսկապես նա անելիք չունի Հայաստանի քաղաքական դաշտում», - հայտարարել է Սամվել Կարապետյանը։ Միաժամանակ «Ուժեղ Հայաստանը» ցանկացած պահի պատրաստ է արտահերթ ընտրությունների, կրկնել է քաղաքական գործիչը՝ ավելի վաղ ասվածը։



