երեքշաբթի, հոկտեմբեր 27
27 / 10 / 2026
ԱԱ. Սլավիկ Գալստյանը պարտվեց բրոնզե մեդալի համար գոտեմարտում

ԱԱ. Սլավիկ Գալստյանը պարտվեց բրոնզե մեդալի համար գոտեմարտում

Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում ավարտվող հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանի վերջին ներկայացուցիչ Սլավիկ Գալստյանը պարտվեց բրոնզե մեդալի համար գոտեմարտում:

Աշխարհի եւ Եվրոպայի բրոնզե մեդալակիրը գոտեմարտեց կուբացի Լուիս Ալբերտո Օրտա Սանչեսի հետ եւ պարտվեց 6:10 հաշվով:

Գալստյանը (67 կգ) մեկնարկային գոտեմարտում 5:1 հաղթել էր Ֆրանսիան ներկայացնող հայազգի Գագիկ Սնջոյանին:

1/8 եզրափակիչում աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիրը  10:0 հաշվով առավելության հասավ մոլդովացի Վալենտին Պետիչի նկատմամբ:

Քառորդ եզրափակիչում 3:2 հաշվով առավելության էր հասել նորվեգացի Հավարդ Ջորգենսենի նկատմամբ:

Կիսաեզրափակիչում Սլավիկ Գալստյանը 0:4 հաշվով պարտվել էր աշխարհի չեմպիոն ուզբեկ Այտջան Խալմախանովին:

Արմեն Բաբալարյանի գլխավորած հավաքականն աշխարհի առաջնությունն ավարտեց 2 մեդալով՝ 1 ոսկե, 1 բրոնզե:

Աշխարհի չեմպիոնի տիտղոսն առաջին անգամ նվաճեց 63 կգ քաշային Կարեն Ասլանյանը, եզրափակիչում 8:4 հաշվով հաղթելով ադրբեջանցի Նիհադ Զահիդ Մամադլիին:

Բրոնզե մեդալակիր է դարձել 87 կգ քաշային Գեւորգ Թադեւոսյանը:

  • Կիսվել: