Հորդանանը հայտարարել է եկեղեցու վրա հարձակումից հետո Սիրիայում ԻՊ-ի ավելի քան 20 զինյալ ոչնչացնելու մասին
Հորդանանը հայտարարել է, որ նախորդ գիշեր Սիրիայի հարավում իրականացված ավիահարվածների արդյունքում «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության ավելի քան 20 զինյալ է սպանվել։ Այս մասին հայտնում է Reuters-ը։
Այս ավիահարվածներով Հորդանանը պատասխանել է եկեղեցու վրա կատարված և ինը մարդու կյանք խլած հարձակմանը։
Հորդանանի իշխանությունների տվյալներով՝ հարձակման կազմակերպման մեջ կասկածվողները կապված են եղել հարևան Սիրիայի տարածքում գործող զինյալների հետ։
Սիրիայի իշխանությունների փոխանցմամբ՝ ավիահարվածներից յոթ մարդ է զոհվել, այդ թվում՝ մեկ կին և երեք երեխա։ Կառավարության հանրային կապերի նախարար Մուհամմեդ ալ-Մոմանին X սոցիալական ցանցում գրել է, որ Հորդանանն ափսոսում է խաղաղ բնակիչների մահվան համար։
Երկուշաբթի Հորդանանի բանակը հայտնել էր Սիրիայի հարավում զինյալների թաքստոցների ուղղությամբ հասցված հարվածների մասին։ Ըստ Ամմանի՝ գործողության որոշումը կայացվել է այն բանից հետո, երբ պարզվել է, որ եկեղեցու վրա հարձակման կասկածյալները կապեր ունեն Սիրիայում տեղակայված ահաբեկչական խմբավորումների հետ։
Բացի այդ, Հորդանանի ուժայինները հայտնել են, որ հարձակմանն առնչվող փոխհրաձգությունից հետո երկու եղբայր և նրանց փեսան են ձերբակալվել։ Թեև որևէ կառույց չի ստանձնել հարձակման պատասխանատվությունը, Հորդանանը պնդում է, որ ավիահարվածների թիրախում ԻՊ-ի զինյալներն են եղել։
Հորդանանի զինվորականները վստահեցնում են, որ գործողությունը համակարգվել է Դամասկոսի հետ։ Սիրիայի իշխանությունները, սակայն, հայտարարել են, որ հարվածները նախապես համաձայնեցված չեն եղել, և հետաքննություն են սկսել։ Սիրիայի ԱԳՆ-ն Հորդանանի գործողությունները դատապարտել է որպես երկրի ինքնիշխանության խախտում։
Չնայած դրան՝ Դամասկոսը հայտնել է Ամմանի հետ գործողությունները համակարգելու և անվտանգության համատեղ կոմիտե ստեղծելու մտադրության մասին։ Կոմիտեի նպատակն է լինելու ուժեղացնել սահմանի պահպանությունը և հետագայում կանխել նման միջադեպերը։



