երկուշաբթի, մայիս 13
13 / 5 / 2024
Իրանի ԱԳ նախարարն Ասադին վստահեցրել է՝ իր երկիրը կշարունակի աջակցել Սիրիային

Իրանի ԱԳ նախարարն Ասադին վստահեցրել է՝ իր երկիրը կշարունակի աջակցել Սիրիային

Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը շաբաթ օրը Դամասկոսում բանակցություններ է վարել Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադի հետ՝ քննարկելու երկկողմ հարաբերությունների ընդլայնման ուղիները, հայտնում է իրանական Mehr-ը:

Հանդիպմանը Ամիր Աբդոլլահիանը Բաշար ալ-Ասադին է փոխանցել Իրանի նախագահի ողջույնները եւ շեշտել, որ Իրանի Իսլամական Հանրապետությունը Սիրիայի անվտանգությունն ու առաջընթացը համարում է իր նվաճած անվտանգությունն ու առաջընթացը եւ շարունակելու է վճռականորեն աջակցել Սիրիային։

Ամիր Աբդոլլահիանը, մատնանշելով նախագահ Ասադի՝ Իրան այցելելու հրավերը, համոզմունք է հայտնել, որ այս այցը հիմք կդառնա երկու երկրների միջեւ տարբեր ոլորտներում բարեկամական եւ եղբայրական հարաբերությունների ամրապնդման համար։

Նա հայտարարել է երկու երկրների միջեւ համագործակցության համապարփակ երկարաժամկետ ծրագիր մշակելու եւ ստորագրելու համար Իրանի Իսլամական Հանրապետության պատրաստակամության մասին, ինչպես նաեւ ընդգծել Սիրիայի վերականգնմանը օգնելու եւ մասնակցելու համար երկկողմ եւ բազմակողմ համագործակցության հիմքեր դնելու անհրաժեշտությունը։

Իր հերթին Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադն էլ ընդգծել է Իրանի արտգործնախարարի այցի կարեւորությունը ինչպես երկկողմ, այնպես էլ տարածաշրջանային մակարդակով։

Նա հավելել է, որ Իրանի Իսլամական Հանրապետությունը Սիրիային ամենամոտ երկիրն է, որն աջակցել է սիրիացիներին պատերազմի ընթացքում։

  • Կիսվել: