հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Ինչպես է Իրանը պատրաստվում պատասխանել Սուլեյմանիի սպանությանը

Ինչպես է Իրանը պատրաստվում պատասխանել Սուլեյմանիի սպանությանը

Իրանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Աբբաս Մուսավին հայտարարել է, որ Թեհրանն ԱՄՆ-ի հետ պատերազմի չի ձգտում, սակայն պատրաստ է ցանկացած իրավիճակի։

Այս մասին հայտնում է ՌԻԱ նովոստին։

«Իրանն ԱՄՆ-ի հետ պատերազմի չի ձգտում, սակայն պատրաստ է ցանկացած իրավիճակի»,- ճեպազրույցի ժամանակ ասել է Մուսավին՝ պատասխանելով ԱՄՆ-ի և Իրանի միջև պատերազմի սկսման հավանականության մասին հարցին։

Նա նշել է, որ Իրանը կպատասխանի Իրանի «Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի» «Ղոդս» հատուկ ստորաբաժանման ղեկավար, գեներալ Ղասեմ Սուլեյմանիի սպանությանը, սակայն իշխանություններն այնպիսի որոշում կընդունեն, որը կստիպի ԱՄՆ-ին փոշմանել և միևնույն ժամանակ պատերազմի չի հանգեցնի։

Հունվարի 3-ին Ղասեմ Սուլեյմանին Բաղդադի միջազգային օդանավակայանի մերձակայքում սպանվել էր ամերիկյան օդուժի կողմից։ Հարված հասցնելու կարգադրությունը տվել է անձամբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ ԱՄՆ զինված ուժերը հայտարարել են, որ սա պաշտպանողական գործողություն է եղել՝ կանխելու համար տարածաշրջանում ԱՄՆ-ի շահերի դեմ հետագա հարձակումների կազմակերպումը: ԱՄՆ-ը Սուլեյմանիին պատասխանատու է համարում Բաղդադում ԱՄՆ դեսպանության առջև դեկտեմբերի 31-ին բողոքի ցույցերի անցկացմանը հավանություն տալու համար, իսկ ԱՄՆ նախագահ Թրամփը նշել է, որ Սուլեյմանին «սպանել կամ ծանր վիրավորել է հազարավոր ամերիկացիների»։ Իրանի Press TV-ն հայտնել է, որ Իրանի Գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին խոստացել է խստորեն պատասխանել Սուլեյմանիի սպանության մեղավորներին՝ նշելով, որ Իրանը և տարածաշրջանի մյուս երկրները վրեժ են լուծելու ԱՄՆ֊ից։ Խամենեին նաև 3 օր ազգային սուգ է հայտարարել: Իրանի արտաքին գործերի նախարար Ջավադ Զարիֆն այդ գործողությունն անվանել է ԱՄՆ-ի կողմից միջազգային ահաբեկչական ակտ։ Fox News-ը, վկայակոչելով Սպիտակ տան, Պետդեպարտամենտի և ԱՄՆ ԶՈՒ աղբյուրները հաղորդել է, որ ԱՄՆ նախագահի վարչակազմը չի բացառում իրադարձությունների հետագա զարգացման ցանկացած տարբերակ, իսկ Պետդեպարտամենտի ղեկավար Մայքլ Պոմպեոն Գերմանիայի ԱԳ նախարար Հայկո Մաասի հետ հեռախոսազրույցում նշել է, որ Վաշինգտոնը հաշվի է առել ցանկացած պատասխան, որը կարող է հետևել Իրանի կողմից։ ՀՀ արտաքին գործերի նախարարություն հայտարարությամբ խորը մտահոգություն է հայտնել Բաղդադում տեղի ունեցած իրադարձությունների կապակցությամբ՝ նշելով, որ դրանք կարող են առավել վտանգել տարածաշրջանային խաղաղությունը և ապակայունացնել իրավիճակը Մերձավոր Արևելքում և դրանից դուրս: «Հայաստանը հանդես է գալիս բացառապես խաղաղ միջոցներով իրադրության լիցքաթափման դիրքերից»,- հայտարարել են ՀՀ ԱԳՆ-ում:

Իրանական կողմի նախաձեռնությամբ հունվարի 5-ին  տեղի է ունեցել հեռախոսազրույց Հայաստանի և Իրանի ԱԳ նախարարներ Զոհրաբ Մնացականյանի և Ջավադ Զարիֆի միջև: Այս մասին հայտնեցին ՀՀ ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից։ 

ԱԳ նախարարները քննարկել են վերջին օրերին Բաղդադում մարդկային զոհերի հանգեցրած դեպքերի հետևանքով մերձավորարևելյան տարածաշրջանում ստեղծված իրավիճակը: ԱԳ նախարար Մնացականյանը ՀՀ կառավարության անունից ցավակցություն է հայտնել Իրանի կառավարությանը և ժողովրդին՝ Իրանի բարձրաստիճան պաշտոնյայի վախճանի կապակցությամբ: ՀՀ ԱԳ նախարարը կարևորել է հետագա լարվածության կանխումը և խաղաղ միջոցներով իրադրության լիզքաթափումը: 

Հայաստանի ԱԳ նախարարն ընդգծել է Հայաստանի պատրաստակամությունը շարունակելու սերտ  համագործությունը իր բոլոր գործընկերների հետ տարածաշրջանային կայունության և անվտանգության ուղղությամբ:

 

  • Կիսվել: