հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Ֆարանսիայի քաղաքական  գործիչները ցավակցական խոսքեր են հղել հայազգի Պատրիկ Դևեջյանի հիշատակին

Ֆարանսիայի քաղաքական գործիչները ցավակցական խոսքեր են հղել հայազգի Պատրիկ Դևեջյանի հիշատակին

Ֆրանսիացի քաղաքական գործիչները իրենց ցավակցական խոսքերն ու հարգանքի տուրքն են մատուցում այսօր գիշերը կորոնավիրուսից մահացած Ֆրանսահայ քաղաքան գործիչ, Ֆրանսիայի Օ-դե-Սեն դեպարտամենտի Գլխավոր խորհրդի նախագահ Պատրիկ Դևեջյանի հիշատակին։

 Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզին գրել է․ «Պատրիկ Դևեջյանը կրքոտ, ամբողջական, անկեղծ, նվիրված անձնավորություն էր: Նա մարմնավորեց քաղաքականությունը, ինչպես ես եմ սիրում՝  զգացմունքներով, համոզմունքներով, վստահությամբ: Ես հպարտ եմ, որ ունեցել եմ նրան իմ կողքին: Ես իմ խոր հույզերն ու անսահման տխրությունն եմ հայտնում նրա մտերիմներին»։

Նախկին վարչապետ Ալան Ժուպենի բնորոշմամբ էլ Դևեջյանը համոզիչ, համարձակ, ուղղամիտ, հասարակության բարիքին նվիրված մարդ էր․ «Տխրություն: Ես ունեի Պատրիկ Դևեջյանի հարգանքն ու բարեկամությունը: Նա համոզիչ, համարձակ, ուղղամիտ, հասարակության բարիքին նվիրված մարդ էր: Ամենից առաջ՝ հավատարիմ ընկեր: Կիսում եմ նրա ընտանիքի ցավը»։

Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ժոնաթան Լաքոթ ջերմությամբ է հիշել իր և Դևեջյանի հանդիպումը․ «Ես հիշում եմ մի երկար անձնական հանդիպում  Նանտրրեում գտնվող իր գրասենյակում նախքան Հայաստանում իմ պաշտոն ստանձնելը, զրույց՝ հարուստ խորհուրդներով և դասերով, որոնց  արձագանքն առայսօր ինձ հետ է»։  

Ֆրանսիայի նախկին նախագահ Ֆրանսուա Օլանդը նույնպես իր ցավակցություններն է հայտնել և նշել,  որ Պատրիկ Դևեջյանը մարտիկ էր, որը համարձակորեն հաղթահարեց բազմաթիվ փորձություններ՝ հավելելով, որ այս պայքարը պահանջում է ազգային մեծ միասնություն։

Հիշեցնենք, որ Պատրիկ Դևեջյանը օրերս թվիթերում հայտնել էր իր՝ կորոնավիրուսով վարակված լինելու մասին։ Նա շնորհակալություն էր հայտել բուժանձնակազմին հիվանդներին մշտապես օգնության ձեռք մեկնելու համար։ Սակայն այսօր առավոտյան հայտնի դարձավ, որ 75-ամյա քաղաքական գործիչը մահացել է։ 

Տարբեր տարիների նա զբաղեցրել է Ֆրանսիայի արդյունաբերության և տեղական ինքնակառավարման հարցերի նախարարների պաշտոնները, եղել է  նաև՝ Անտոնիի քաղաքապետն ու  Օ դը Սենի նահանգապետը:

2014 թվականին Հայաստանի Հանրապետության Անկախության տոնի առթիվ, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության և Ֆրանսիայի Հանրապետության միջև բարեկամական կապերի ամրապնդման գործում ներդրած նշանակալի ավանդի համար պարգևատրվել է Պատվո շքանշանով:

  • Կիսվել: