Եթե Իրանի տարածքի ուղղությամբ հրետակոծությունը շարունակվի, մենք անտարբեր չենք մնա. ԻԻՀ ԱԳՆ խոսնակ
Իրանի ԱԳՆ խոսնակ Սաիդ Խաթիբզադեն հայտարարել է. «Եթե Իրանի տարածքի ուղղությամբ հրետակոծությունը շարունակվի, Թեհրանն անտարբեր չի մնա», գրում է parstoday.com-ը:
Անդրադառնալով ԼՂ հակամարտության տարածքում ընթացող ռազմական բախումների հետևանքով Իրանի Խոդաաֆարին շրջանի գյուղերից մեկին հասցված վնասներին, Խաթիբզադեն հայտարարել է, որ Իրանի սահմանապահ ուժերը պատասխան քայլի չեն դիմել:
Խաթիբզադեն հավելել է. «Մեր երկրի սահմանամերձ շրջանների անվտանգությունն ու խաղաղությունը ԻԻՀ զինված ուժերի կարմիր գիծն է և եթե նման միջադեպերը կրկնվեն, Իրանն անտարբեր չի մնա»:
Հարկ է նշել, որ ԼՂ հակամարտության տարածքից Իրանի Արևելյան Ատրպատական նահանգի Խոդաաֆարին շրջանի Ղոլիբիգլու գյուղում ընկած հրթիռի հետևանքով վնասվել է մի տուն և տուժել մի բնակիչ:
Որոշ ռուսական աղբյուրներ ավելի վաղ հայտարարել էին, որ Իրանը պատասխան քայլի է դիմել այն կողմի ուղղությամբ, որտեղից արձակվել է հրթիռը: