Միակն այս դիմակայության պատմության մեջ․ Ինտերը՝ Մխիթարյանի և Շախտյորի դեմ հատուկ խաղի մասին
Չեմպիոնների լիգայի 2026/27 թթ. մրցաշրջանի լիգայի փուլի 3-րդ տուրում Միլանի «Ինտերը» հոկտեմբերի 21-ին «Սան Սիրո» մարզադաշտում կհյուրընկալի Դոնեցկի «Շախտյորին»։ Առաջին երկու տուրերից հետո «ներաձուրիները» դեռևս միավոր չեն վաստակել, մինչդեռ ուկրաինական ակումբն անպարտելի է և իր ակտիվում ունի 4 միավոր, գրում է armsport.am-ը:
Դիմակայությանն ընդառաջ՝ միլանյան գրանդի պաշտոնական կայքը ծավալուն հոդված է հրապարակել՝ հատուկ անդրադարձ կատարելով Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանին, ում համար առաջիկա հանդիպումը բացառիկ նշանակություն ունի։
Հենրիխ Մխիթարյանը՝ կապող օղակ երկու ակումբների միջև
Ինչպես ընդգծում է «Ինտերի» պաշտոնական կայքը, առաջիկա հանդիպումը յուրահատուկ իրադարձություն է լինելու Հենրիխ Մխիթարյանի համար. հայ կիսապաշտպանն այս դիմակայության ողջ պատմության մեջ միակ ֆուտբոլիստն է, ով պաշտպանել է թե՛ «Ինտերի», թե՛ «Շախտյորի» գույները։ Ավելին՝ նա առաջին անգամ է միլանյան ակումբի մարզաշապիկով խաղադաշտ դուրս գալու իր նախկին թիմի դեմ։
«Ինտերի» մամուլի ծառայությունը հիշեցրել է հայ ֆուտբոլիստի փառահեղ ուղին երկու ակումբներում.
«Շախտյոր» (2010–2013 թթ.). Հենց դոնեցկյան ակումբում անցկացրած տարիները Մխիթարյանի համար ցատկահարթակ դարձան դեպի եվրոպական ֆուտբոլի էլիտա։ «Հանքափորների» կազմում նա անցկացրել է 106 հանդիպում, դարձել 44 գոլի հեղինակ և նվաճել 7 տիտղոս (Ուկրաինայի 3 չեմպիոնություն, 3 գավաթ և 1 Սուպերգավաթ)։
«Ինտեր» (2022 թ.-ից առ այսօր). 2022 թվականի ամռանը միանալով «ներաձուրիներին»՝ Մխիթարյանն առանցքային դերակատարում է ունեցել թիմի վերջին տարիների հաջողություններում։ Միլանյան գրանդի կազմում նա արդեն անցկացրել է 191 հանդիպում, խփել 12 գոլ և նվաճել 6 տիտղոս (Ա Սերիայի 2 չեմպիոնություն, Իտալիայի 2 գավաթ և 2 Սուպերգավաթ)։
«Երկու ակումբների հետ ունեցած այս կապն էլ ավելի խորհրդանշական է դարձնում հանդիպումը հայ կիսապաշտպանի համար, ով իր կարիերայի երկու կարևորագույն գլուխներն անցկացրել է հենց Ուկրաինայում և Իտալիայում»,- գրում է ակումբի կայքը։
Դիմակայության պատմությունը. անպարտելի «Ինտերը»
Եվրագավաթներում թիմերը միմյանց դեմ մրցել են 7 անգամ (բոլորն էլ՝ 21-րդ դարում)։ Վիճակագրությունը խոսում է հօգուտ «Ինտերի»՝ 3 հաղթանակ և 4 ոչ-ոքի, խփած 10 և բաց թողած ընդամենը 1 գնդակ.
2005/06 թթ. ՉԼ որակավորման 3-րդ փուլ. Առաջին բախումը կայացել է 2005-ի ամռանը, երբ «Շախտյորը» գլխավորում էր «Ինտերի» նախկին մարզիչ Միրչա Լուչեսկուն։ Հյուրընկալվելիս «Ինտերը» հաղթել է 2:0 հաշվով՝ շնորհիվ Օբաֆեմի Մարտինսի և Ադրիանոյի փայլուն համագործակցության ու գոլերի։ Պատասխան խաղում՝ դատարկ տրիբունաների ներքո, գրանցվել է 1:1 հաշիվը (Ալվարո Ռեկոբա – Էլանո)։
2019/20 թթ. Եվրոպա լիգայի կիսաեզրափակիչ. 15 տարվա դադարից հետո՝ համավարակով պայմանավորված Դյուսելդորֆի դատարկ մարզադաշտում, Անտոնիո Կոնտեի գլխավորած «Ինտերը» 5:0 հաշվով ջախջախել է մրցակցին․ դուբլի հեղինակ են դարձել Լաուտարո Մարտինեսն ու Ռոմելու Լուկակուն, մեկ գոլ էլ խփել է Դանիլո Դ’Ամբրոզիոն։
2020/21 և 2021/22 թթ. ՉԼ խմբային փուլ. Այս խաղարկություններում թիմերը երեք անգամ անընդմեջ գոլազուրկ ոչ-ոքի (0:0) են գրանցել։ «Անեծքը» կոտրվել է 2021 թ. նոյեմբերի 24-ին «Սան Սիրոյում», երբ Սիմոնե Ինձագիի թիմը Էդին Ջեկոյի դուբլի (61′, 67′) շնորհիվ հաղթել է 2:0 հաշվով և 10 տարվա դադարից հետո առաջին անգամ դուրս եկել ՉԼ փլեյ-օֆֆ։
Հավելենք, որ «Ինտեր» – «Շախտյոր» հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով 23:00-ին։ Հանդիպումը կսպասարկի գերմանական մրցավարական անձնակազմը՝ Հարմ Օսմերսի գլխավորությամբ։



