Գետամեջ գյուղում գործող «Աթենք» մսամթերքի գործարանից 25-ամյա աշխատակիցը տեղափոխվել է հիվանդանոց
Հոկտեմբերի 11-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 20։25-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Նաիրիի բաժնում տեղեկություն է ստացվել, որ «Աթենք» մսամթերքի գործարանում աշխատանք կատարելու ժամանակ «ձախ նախաբազկի արմնկային շրջանի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ մի քաղաքացի բուժօգնության է տեղափոխվել «Աբովյան» բժշկական կենտրոն։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց է մեկնել ոստիկանության Նաիրիի բաժնի օպերատիվ խումբը՝ ավագ համայնքային ոստիկանի գլխավորությամբ, որտեղ պարզվել է, որ վիրավորը Կոտայքի մարզի բնակիչ 25-ամյա Աշոտ Հ․-ն է։
Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ Նաիրիի համայնքային ոստիկանները պարզել են նաև, որ Աշոտ Հ․-ն նշված վնասվածքը ստացել է նույն օրը՝ ժամը 18։00-ի սահմաններում, Կոտայքի մարզի Գետամեջ գյուղում գտնվող «Աթենք» մսամթերքի գործարանում՝ դանակով միսը ոսկորից առանձնացնելու ժամանակ դանակը ձեռքին դիպչելու հետևանքով։
Դեպքի փաստով ոստիկանության Նաիրիի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Նաիրիի քննչական բաժին։



