Սրբուհի Գալյանը Ստամբուլում ներկայացրել է Հայաստանի արդարադատության ոլորտի բարեփոխումները
Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը Ստամբուլում մասնակցել է Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության (ՏՀԶԿ) և Թուրքիայի Հանրապետության արդարադատության նախարարության կողմից համատեղ կազմակերպված՝ «Արդարադատությունը որպես հանրային ծառայություն. աջակցելով աճին, մրցունակությանը, պետական ծառայությունների արդյունավետ մատուցմանը և սոցիալական կայունությանը» թեմայով բարձրաստիճան երկխոսությանը: Միջոցառումն իրականացվել է Արդարադատության հավասար հասանելիության վերաբերյալ ՏՀԶԿ 2026 թվականի գլոբալ կլոր սեղանի շրջանակներում:
Բարձրաստիճան երկխոսության քննարկումների շրջանակներում Սրբուհի Գալյանը հանդես է եկել ելույթով՝ անդրադառնալով մարդակենտրոն արդարադատության ապահովման, դատական գործընթացների արդյունավետության բարձրացման, ինչպես նաև ինստիտուցիոնալ բարեփոխումների իրականացման ուղղությամբ Հայաստանի ձեռքբերումներին: Անդրադարձ է կատարվել վեճերի լուծման այլընտրանքային մեխանիզմների կատարելագործմանը, էլեկտրոնային համակարգերի ներդրմանը և դատավարական ժամկետների կրճատմանը:
Նախարարը կարևորել է քաղաքացիների և տնտեսվարողների կարիքներին արձագանքող արդարադատության համակարգի զարգացումը։ Նա ընդգծել է, որ բարեփոխումների արդյունավետությունը պետք է գնահատել մարդկանց համար ապահովվող արդյունքներով՝ վեճերի ժամանակին և արդար լուծմամբ, ծառայությունների մատչելիությամբ, դատական ակտերի արդյունավետ կատարմամբ և հանրային վստահության ամրապնդմամբ։



