կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Էրդողանի աջակցությունը Պաղեստինի ժողովրդին իրական չէ․ Իրանի խորհրդարանում իրանահայության պատգամավոր

Էրդողանի աջակցությունը Պաղեստինի ժողովրդին իրական չէ․ Իրանի խորհրդարանում իրանահայության պատգամավոր

Իրանի Իսլամական խորհրդարանում Թեհրանի և Հյուսիսային Իրանահայության պատգամավորը «X»-ի սոցիալական ցանցում իր գրառման մեջ Պաղեստինի ժողովրդին սատարող Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի վերջին հայտարարությունները որակել է որպես անհիմն պնդումներ և անիրական, գրում է parstoday.ir-ը:  

«Khane Mellat» լրատվական գործակալության փոխանցմամբ, Արա Շահվերդյանը գրել է․ «Անկարայի իշխանությունները իրենց երկակի մոտեցմամբ՝ Պաղեստինի ժողովրդին պաշտպանելու, իսկ Սիոնիստական ​​ռեժիմին լոգիստիկական աջակցություն ցուցաբերելու հարցում, խաղում են դաշտի երկու կողմերում: Ակնհայտ է, որ տարածաշրջանի հասարակական կարծիքը Պաղեստինի ժողովրդին սատարող Էրդողանի հայտարարությունները անիրական է համարելու։ Հայտարարությունները պետք է համահունչ լինեն գործողություններին»։

Թուրքիայի նախագահը երկուշաբթի գիշեր, երբ առերևույթ քննադատում էր Գազայի վրա Իսրայելի հարձակումները, ասաց. «Թուրքիան երբեք մենակ չի թողնի Գազայում գտնվող իր եղբայրներին ու քույրերին Իսրայելի ռեժիմի շարունակական հարձակումների ընթացքում»:

Նշենք, որ Իսրայել մատակարարվող նավթը օկուպացված տարածքներում գտնվող Աշկելոն և Էյլաթ է տեղափոխվում մի կողմից Բաքու-Թբիլիսի-Ջեյհան խողովակաշարով, իսկ մյուս կողմից Քիրքուկ-Մոսուլ-Ջեյհան խողովակաշարով։ Փաստորեն, կարելի է ասել, որ Անկարան ու Բաքուն վառելիք են մատակարարում իսրայելական կործանիչներին ու տանկերին՝ Գազան ռմբակոծելու համար։

Ներկայումս Իսրայելի նավթային կարիքների մոտ 65%-ը մատակարարվում է Ադրբեջանի միջոցով։ Նավթի այս քանակությունը Իսրայել է հասնում Թուրքիայի Ջեյհան նավթային տերմինալ տեղափոխվելուց հետո։

 

  • Կիսվել: