ԵՄ-ն վերացնում է Ուսմանովի և Ֆրիդմանի պատժամիջոցները՝ երկարաձգելով ռուսաստանցիների դեմ սահմանափակումները
Եվրամիությունը համաձայնեցրել է ռուսաստանցի միլիարդատերեր Ալիշեր Ուսմանովի և Միխայիլ Ֆրիդմանի նկատմամբ պատժամիջոցների հանումը՝ մոտ 3 հազար ռուսաստանցի ֆիզիկական և իրավաբանական անձանց դեմ սահմանափակումների երկարաձգման շրջանակում: Այս մասին տեղեկացնում է dpa-ն՝ հղում անելով ԵՄ անանուն դիվանագետի։
Ինչպես հաղորդվում է՝ որոշումն ընդունվել է Եվրամիության երկրների միջև երկարատև բանակցություններից հետո և պատժամիջոցների ցուցակի հերթական երկարաձգման ժամկետի նախօրեին։ Ավելի վաղ որոշ անդամ պետություններ սպառնում էին արգելափակել սահմանափակումների երկարաձգումը, եթե ցուցակից չհանվեն Ուսմանովն ու Ֆրիդմանը։
Իր հերթին Reuters-ը հայտնել է, որ վերջին խոչընդոտը մնում էր Լատվիայի դիրքորոշումը։ Արդյունքում Ռիգան ձեռնպահ մնաց փոխզիջումային որոշման համաձայնեցման ժամանակ, ինչը հնարավորություն տվեց առաջ մղել այն։ Պայմանավորվածության պաշտոնական հաստատումը պետք է ավարտվի գրավոր ընթացակարգի շրջանակում։
Նշվում է, որ ԵՄ փաստաթղթերում Ուսմանովը նախկինում բնութագրվում էր որպես «Կրեմլին աջակցող օլիգարխ, որը առանձնահատուկ սերտ կապեր ունի» Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Ֆրիդմանն, ըստ Եվրամիության ձևակերպումների, «խոշոր ռուս ֆինանսիստ» և Պուտինի շրջապատին նպաստող մարդ էր բնութագրվում։
ԵՄ-ի անհատական պատժամիջոցները՝ Ուկրաինայի դեմ Ռուսաստանի պատերազմի համար, ներառում են ակտիվների սառեցում և ճանապարհորդության սահմանափակումներ։ Սովորաբար դրանք պետք է պարբերաբար երկարաձգվեն։
Համաձայնեցված սխեման նախատեսում է պատժամիջոցների երկարաձգում մնացած մոտ 3 հազար անձանց և կազմակերպությունների նկատմամբ միանգամից երեք տարով՝ սովորական վեցամսյա ժամկետի փոխարեն։
Հայտնի է, որ ավելի վաղ Ֆրանսիան ձգտում էր Ուսմանովին հանել պատժամիջոցների ցանկից, իսկ Լյուքսեմբուրգը հանդես էր գալիս Ֆրիդմանի նկատմամբ սահմանափակումների հանման օգտին։ Բանակցությունները տարաձայնություններ են առաջացրել ԵՄ ներսում և արժանացել Ուկրաինայի քննադատությանը։



