Դատապարտում եմ Վրաստանում ցուցարարների հանդեպ կիրառվող բռնությունը. Բորել
ԵՄ գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը մեկնաբանել է Թբիլիսիում մայիսի 1-ի գիշերը տեղի ունեցած իրադարձությունները, երբ ուժայինները, ուժ, ինչպես նաեւ հատուկ միջոցներ կիրառելով, ցրել են «օտարերկրյա գործակալների մասին» օրենքի դեմ պայքարի ակցիայի մասնակիցներին։
«Վճռականորեն դատապարտում եմ Վրաստանում ցուցարարների դեմ կիրառվող բռնությունը, որոնք խաղաղ բողոքում էին «օտարերկրյա ազդեցության մասին» օրենքին։ Վրաստանը ԵՄ անդամի թեկնածու երկիր է, եւ ես կոչ եմ անում նրա իշխանություններին ապահովել խաղաղ հավաքների իրավունքը։ Ուժի կիրառումը դրանք ճնշելու համար անընդունելի է»,- գրել է Բորելը Х սոցցանցում։
Հիշեցնենք, որ «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքի դեմ հանդես եկող ցուցարարներին ցրելու ժամանակ մայիսի 1-ի գիշերը ոստիկանները կիրառել են հատուկ միջոցներ՝ պղպեղի սփրեյ, արցունքաբեր գազ եւ ջրցաններ։
Ուժայինները կոպիտ ուժ են գործադրել, ԶԼՄ-ները տարածում են կադրեր, որոնցում պատկերված է, թե ինչպես են նրանք ծեծում ցուցարարներին։