երկուշաբթի, հունիս 24
24 / 6 / 2024
Բորելը ներկայացրել է Բրյուսելում կայացած Եվրամիության խորհրդի նիստի արդյունքները

Բորելը ներկայացրել է Բրյուսելում կայացած Եվրամիության խորհրդի նիստի արդյունքները

ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելն ամփոփել է Բրյուսելում կայացած Եվրամիության խորհրդի նիստի արդյունքները: 
 
Նրա խոսքով՝ օրակարգում են եղել Ուկրաինայի շուրջ զարգացումները, մասնավորապես՝ քաղաքացիական և էներգետիկ ենթակառուցվածքներին ռուսական հարվածները, հակաօդային պաշտպանության ոլորտում Կիևի կարիքները: Բորելը հայտնել է, որ սահմանափակումներ են կիրառվելու որոշ անձանց նկատմամբ, որոնք քարոզչական գործունեություն են ծավալում՝ թիրախավորելով Ուկրաինայի և եվրոպական երկրների քաղաքացիական հասարակությանը, փորձում արդարացնել Ռուսաստանի վարած պատերազմը:
 
Քննարկվել է Մերձավոր Արևելքում իրավիճակը: Ըստ հաղորդագրության՝ ԵՄ նախարարները ոչ պաշտոնական շփում են ունեցել Կատարի, Հորդանանի, Սաուդյան Արաբիայի, Եգիպտոսի, Արաբական Միացյալ Էմիրությունների գործընկերների հետ։ Մտքեր են փոխանակվել խաղաղության հասնելու համար ջանքերը համատեղելու վերաբերյալ: ԵՄ-ն պահանջել է Իսրայելից՝ կատարել Արդարադատության միջազգային դատարանի որոշումը, որի համաձայն՝ այդ երկիրը պետք է դադարեցնի Եգիպտոսի հետ սահմանին գտնվող Ռաֆահ քաղաքում գործողությունները: 
 
Նախարարներն անդրադարձել են օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին վիճահարույց օրինագծի ընդունման հետևանքով Վրաստանում ծավալվող զարգացումներին, շեշտել՝ այդ նախաձեռնությունը հակասում է Եվրամիության սկզբունքներին: Բորելը հավելել է՝ ԵՄ անդամ երկրներն ուսումնասիրում են օրինագծի ընդունման դեպքում կառույցի հնարավոր արձագանքը:

  • Կիսվել: