երեքշաբթի, մայիս 21
21 / 5 / 2024
Բորիս Ջոնսոնը հայտարարել է Ուկրաինայի տարածքում ատոմակայանների պաշտպանության անհրաժեշտության մասին

Բորիս Ջոնսոնը հայտարարել է Ուկրաինայի տարածքում ատոմակայանների պաշտպանության անհրաժեշտության մասին

Մեծ Բրիտանիան անհրաժեշտ է համարում ապահովել Ուկրաինայի տարածքում տեղակայված ատոմակայանների անվտանգությունը։ Այդ մասին ուրբաթ հայտարարել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը, ում խոսքերը մեջբերում է The Daily Telegraph թերթը:

«Կարծում եմ, որ չափազանց կարեւոր կլիներ այդ էլեկտրակայանների պաշտպանության ինչ-որ համակարգ ունենալ՝ մի համակարգ, որը թույլ կտար միջազգային կառույցներին, ինչպիսիք են ՄԱԿ-ը եւ ՄԱԳԱՏԷ-ն, հետեւել ռադիոակտիվության մակարդակին տեղում»,- ասել է նա:

Վարչապետը նշել է, որ մտահոգված է Չեռնոբիլի աղետի կրկնության հավանականությամբ:

«Կան նաեւ այլ ուկրաինական ատոմակայաններ։ Ուկրաինայում, իհարկե, միջուկային թափոնների պահման բազմաթիվ վայրեր կան։ Ուստի մենք պետք է մտածենք՝ ինչպես միասին աշխատել այդպիսի աղետի կանխման ուղղությամբ,- ասել է նա:- Կրեմլին պետք է հստակ հասկացնել, որ միջուկային աղետը քաղաքացիական օբյեկտում՝ նոր Չեռնոբիլը, աղետ կլինի եւ Ռուսաստանի, եւ մնացած բոլորի համար», - հավելել է նա:

Ուրբաթ երեկոյան Ջոնսոնը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ քննարկել է Զապորոժիեի ատոմակայանում տեղի ունեցած միջադեպը։

  • Կիսվել: