Ասանժը գրավի դիմաց ազատ չի արձակվի
Լոնդոնի Վեսթմինսթեր շրջանի մագիստրոսական դատարանը հրաժարվել է գրավի դիմաց ազատ արձակել WikiLeaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժին, տեղեկացնում է Reuters-ը։
Այսպես՝ նա բանտում կմնա մինչև արտահանձնման գործով ԱՄՆ-ի բողոքարկման քննությունը:
Նշվում է, որ մերժումը պատճառաբանվել է նրանով, որ նախկինում Ասանժն արդեն խախտել է գրավի դիմաց դուրս գալու պայմանները։ Նույն հիմքով դատավորները մերժել են նրա փաստաբանների նախորդ բոլոր միջնորդությունները։
Լրագրողի փաստաբանները կվիճարկեն որոշումը։
Նշենք, որ հունվարի 4-ին Լոնդոնի կենտրոնական քրեական դատարանի դատավոր Վանեսա Բարայտսերը ԱՄՆ իշխանություններին մերժել էր Ասանժին արտահանձնելու հարցում՝ մեղադրյալի հոգեկան առողջության համար մտավախությունների պատճառով: Ամերիկյան կողմի փաստաբանները հայտարարել են, որ կվիճարկեն այդ որոշումը։ Բողոքարկման քննությունը կարող է տևել ամիսներ, գուցեև՝ մեկ տարի:
Հիշեցնենք, որ 2010-ին Շվեդիայում Ասանժին մեղադրել են բռնաբարության և սեռական ոտնձգությունների համար: Գտնվելով Լոնդոնում՝ նա ինքնակամ հանձնվել է ոստիկանությանը, կալանավորվել է, այնուհետև ազատ արձակվել գրավի դիմաց: 2011-ին որոշում է կայացվել նրան Շվեդիա արտահանձնելու մասին, որը վերջինս բողոքարկել է:
2012-ին նա ապաստան է ստացել Լոնդոնում Էկվադորի դեսպանատանը, որտեղ 7 տարի է անցկացրել: 2018-ին ԱՄՆ արդարադատության նախարարությունը մեղադրանք է ներկայացրել նրա դեմ, սակայն այն «գաղտնի է պահվում»: ԱՄՆ արտահանձնման դեպքում նրան երկարատև ազատազրկում է սպառնում՝ լրտեսության համար: Ասանժն, իր հերթին, բազմիցս հայտարարել է, որ ԱՄՆ-ում իրեն կարող են սպանել: