ԱՄՆ-ն ու Ուկրաինան օգտակար հանածոների մասին համաձայնագրի կնքման մտադրության վերաբերյալ հուշագիր են ստորագրել
Ուկրաինան և ԱՄՆ-ն հուշագիր են ստորագրել երկու երկրների համար շահավետ համաձայնագրի վերջնականացման ու ստորագրման մտադրության մասին: Այս մասին հայտնել է Ուկրաինայի էկոնոմիկայի նախարար Յուլիա Սվիրիդենկոն։
Նա, մասնավորապես, նշել է. «Այսօր մենք քայլ արեցինք Միացյալ Նահանգների հետ համատեղ Տնտեսական գործընկերության համաձայնագրի ուղղությամբ: Ստորագրված հուշագիրը վկայում է մեր թիմերի կառուցողական աշխատանքի և մտադրության մասին՝ ավարտին հասցնելու և կնքելու համաձայնագիր, որը ձեռնտու կլինի մեր երկու ժողովուրդներին: Պատրաստվում ենք Ուկրաինայի վերականգնման և ներդրումների հիմնադրամի ստեղծմանը։ Համապատասխան համաձայնագիրը հնարավորություններ կբացի Ուկրաինայի և ԱՄՆ-ի միջև զգալի ներդրումների, ենթակառուցվածքների արդիականացման և փոխշահավետ գործընկերության համար. սա է այն նպատակը, որով թիմերն աշխատում են փաստաթղթի վրա»։
Ըստ նախարարի՝ այս փաստաթղթով կողմերը «վերահաստատել են ամերիկացի ժողովրդի ձգտումը՝ ուկրաինացիների հետ միասին ներդրում ունենալ ազատ, ինքնիշխան ու անվտանգ Ուկրաինայի կառուցման համար»։ Առջևում սպասվում է համաձայնագրի տեքստի վերջնականացումը, ստորագրումն ու վավերացումը խորհրդարանների կողմից։