հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
ԱՄՆ-ն մեծացնում է իր ներկայությունը Մերձավոր Արևելքում` իրանցի գեներալի սպանությունից հետո

ԱՄՆ-ն մեծացնում է իր ներկայությունը Մերձավոր Արևելքում` իրանցի գեներալի սպանությունից հետո

ԱՄՆ-ն մեծացնում է իր ներկայությունը Մերձավոր Արևելքում՝ իրանցի գեներալ Ղասեմ Սոլեյմանիի սպանությունից հետո: Այս մասին հայտնում է CNN-ը։

Աղբյուրի փոխանցմամբ՝ ԱՄՆ ռազմական գերատեսչությունը հավանություն է տվել լրացուցիչ 3 հազար զինծառայող տարածաշրջան ուղարկելու ծրագրին: ԱՄՆ այս քայլն արվում է անվտանգության նկատառումներով՝ պայմանավորված տարածաշրջանում ամերիկյան ուժերի համար աճող վտանգով:

Տարածաշրջան կուղարկվեն 82-րդ օդադեսանտային դիվիզիայի ուժերը:

Հունվարի 3-ին Ղասեմ Սուլեյմանին Բաղդադի միջազգային օդանավակայանի մերձակայքում սպանվել էր ամերիկյան օդուժի կողմից։ Հարված հասցնելու կարգադրությունը տվել է անձամբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ ԱՄՆ զինված ուժերը հայտարարել են, որ սա պաշտպանողական գործողություն է եղել՝ կանխելու համար տարածաշրջանում ԱՄՆ-ի շահերի դեմ հետագա հարձակումների կազմակերպումը:
 
Իրանի Press TV-ն հայտնել է, որ Իրանի Գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին խոստացել է խստորեն պատասխանել Սուլեյմանիի սպանության մեղավորներին՝ նշելով, որ Իրանը և տարածաշրջանի մյուս երկրները վրեժ են լուծելու ԱՄՆ֊ից։ Խամենեին նաև 3 օր ազգային սուգ է հայտարարել: Իրանի արտաքին գործերի նախարար Ջավադ Զարիֆը այդ գործողությունն անվանել է ԱՄՆ-ի կողմից միջազգային ահաբեկչական ակտ։
 
Նշենք, որ ՀՀ արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն էր տարածել, որում ասված է.

«Խորապես մտահոգված ենք վերջին շրջանում Բաղդադում տեղի ունեցած իրադարձություններով, որոնք հանգեցրել են նաև մարդկային զոհերի: Դրանք կարող են առավել վտանգել տարածաշրջանային խաղաղությունը և ապակայունացնել իրավիճակը Մերձավոր Արևելքում և դրանից դուրս: Հայաստանը հանդես է գալիս բացառապես խաղաղ միջոցներով իրադրության լիցքաթափման դիրքերից:

Հայաստանը կշարունակի սերտորեն համագործակցել իր բոլոր գործընկերների հետ՝ ի շահ տարածաշրջանային կայունության և անվտանգության»։

  • Կիսվել: