ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Ադրբեջանցի դիվանագետը գաղտնազերծել է ռամիլ սաֆարովի արտահանձնման գործարքի մանրամասները

Ադրբեջանցի դիվանագետը գաղտնազերծել է ռամիլ սաֆարովի արտահանձնման գործարքի մանրամասները

Բոսնիա եւ Հերցեգովինայում Ադրբեջանի դեսպան Վիլայաթ Ղուլիեւը պատմել է ռամիլ սաֆարովի արտահանձնման գործարքի մանրամասների մասին։

«ռամիլ սաֆարովի արտահանձնման ժամանակ, որն իրականացվել է գաղտնիության պայմաններում, պետական գաղտնիք կազմող որեւէ բան չի եղել։ Պարզապես երկու բարեկամական երկրների ղեկավարները՝ նախագահ Իլհամ Ալիեւը եւ Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբան,ը միջազգային կոնվենցիայի հիման վրա, որն ընդունվել է Եվրոպայի խորհրդի կողմից, հայրենիք վերադարձրին ադրբեջանցի սպային, որը բանտարկված էր Բուդապեշտում։ Իսկ այստեղ նա արժանացավ ներման պետության ղեկավարի կարգադրությամբ՝ այն բանի համար, որ պատժի մի մասը կրել էր»,- տեղեկացրել է Ղուլիեւը APA-ի հարցազրույցում։

Դեսպանը նշել է, որ դա «մարդկայնության եւ վեհանձնության ակտ էր» երկու կողմից. «Ոչ մի գաղտնի գործարք չի եղել, չէր կարող լինել, ինչպես գրում էր մեր ընդդիմադիր մամուլը իրադարձությունների թեժ հետքերով։ Ես կարող եմ ասել սա լիակատար համոզվածությամբ, քանի որ անմիջական մասնակցություն եմ ունեցել այդ գործընթացին։ Արտահանձնման ավարտից շատ չանցած Հեյդար Ալիեւի ֆոնդը, ի նշան մեր ժողովրդի երախտագիտության բարեկամ հունգար ժողովրդին, Բուդապեշտի XII շրջանում կառուցեց դպրոց-հանրակացարանի շենք տեսողական խնդիրներ ունեցող երեխաների համար։ Մեր դեսպանությունն ստանձնեց դպրոց-հանրակացարանի խնամատարությունը։ Այդ ավանդույթը շարունակվում է նաեւ այսօր»։

ռամիլ սաֆարովը այն ադրբեջանցի սպան է, որը կացնահարել է քնած հայ սպա Գուրգեն Մարգարյանին։ Երկու սպաները մասնակցում էին ՆԱՏՕ անգլերենի դասընթացներին Բուդապեշտում։ Հունգարացի դատավորը սաֆարովին դատապարտել է ցմահ ազատազրկման՝ առանց 30 տարի ներման իրավունքի։ 2012թ. օգոստոսին գործարքի արդյունքում սաֆարովը վերադարձվեց հայրենիք, որտեղ իշխանությունները ներման արժանացրին նրան եւ բարձրացրին ազգային հերոսի աստիճանի քնած հայի ստոր սպանության համար։ ԶԼՄ-ների տվյալներով՝ Ադրբեջանի իշխանությունները Հունգարիային կլոր գումար են խոստացել հանցագործին ազատ արձակելու դիմաց։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: